Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը պաշտոնանկությունից հետո ոչ մի բանով չի զբաղվում, հանգստանում է։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախկին նախարարը նշեց՝ կոնկրետ ծրագրեր այս պահին չունի։

 

«Այս պահին հանգստանում եմ։ Երևի դրա իրավունքն ունեմ։ Որոշակի, կոնկրետ ծրագրեր չունեմ։ Ինձ տվել եմ հանգստին, որովհետև շատ եմ աշխատել, հիմա ուզում եմ մի քիչ հանգստանալ»,- ասաց Զախարյանը։ Հարցին՝ հետևո՞ւմ է քաղաքական զարգացումներին, թե՞ որոշել է բացի ֆիզիկական հանգստությունից նաև հոգեպես ու մտավոր հանգստին իրեն տալ, նախկին նախարարը պատասխանեց. «Չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ հիմա»։ 

 

Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ Երվանդ Զախարյանը պաշտոնանկությունից հետո դարձել էր բավական նրբանկատ և բարեհամբույր, ինչպիսին նրան չէինք կարող տեսնել կամ պատկերացնել նախարար եղած ժամանակ։ 

 

Հավելենք՝ Երվանդ Զախարյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է Երևանի «Գունմետշինում»՝որպես բանվոր։ Ապա եղել է «Հրազդանշին» ձեռնարկության մոնտաժավորող, «Ջերմշին» շինարարական վարչության ինժեներ, տեղամասի պետ, Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրամասի պետ, Հայկական ԽՍՀ գազիֆիկացման պետական կոմիտեի «Հայգազշին» տրեստի կառավարիչ, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, «Գազշին» արտադրական շինարարական ընկերության նախագահ, «Հայտրանսգազ» ձեռնարկության գլխավոր տնօրեն։

 

1998 թվականից սկսած Զախարյանը հիմնականում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ: Երկու անգամ եղել է տրանսպորտի և կապի նախարար, Պետական եկամուտների նախարարի տեղակալ, մաքսային վարչության պետ, կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ, Երևանի քաղաքապետ, ՀՀ նախագահի խորհրդական, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ և վերջում՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Պաշտոնը ստանձնել էր 2014 թվականի ապրիլի 30-ին։ 

 

Ք. Աղալարյան