Մարզումներից գոհ եմ, գոհ է նաև մարզիչս, իսկապես լավ պատրաստված եմ: Այս մասինԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ ապրիլի 9-ին Լաս Վեգասում 24-ամյա մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի դեմ կայանալիք մենամարտից առաջ:
- Արթուր, ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական մարզումները, գո՞հ եք արդյոք պրոցեսից:
- Շատ լավ են ընթանում, սկզբից մարզվեցի Բուլղարիայի Բերմեկեն քաղաքի հարակից սարերում, ապա Գերմանիայի Քինբաում քաղաքում: Մարտի 26-ին մեկնել եմ ԱՄՆ և այնտեղ շարունակելու եմ օրական 2 անգամ մարզվել: Այո, իմ մարզումներից գոհ եմ, գոհ է նաև մարզիչս՝ Ուլլի Վեգները:
- Ինչպե՞ս եք գնահատում մրցակցի շանսերը:
- Չեմ թերագնահատում, ուժեղ մարզիկ է, սակայն ես եմ հաղթելու:
- Օրերս Ուլլի Վեգները հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ երբեք չէր տեսել Ձեզ այդքան մոտիվացված մարզվելուց, ինչո՞վ է պայմանավորված նման մոտեցումը:
- Իսկապես լավ պատրաստված եմ: Միշտ չէ, որ Ուլլի Վեգները գոհ է լինում իմ մարզավիճակից կամ որ բարձրաձայնում է այդ մասին: Եթե հիմա նա խոսում է այդ մասին, ուրեմն շատ գոհ է իմ մարզավիճակից:
- Արթուր, անկախ մարտի արդյունքից՝ երկրպագուները ռևանշ մենամարտի ակնկալիք ունենա՞ն:
- Նման հարցերի պատասխաններըը տալիս են մարզիկների մենեջերները, ամեն դեպքում, ես միշտ պատրաստ եմ ընդունելու ինձ նետված ձեռնոցները:
-Տակտիկական նոր մոտեցման այս մենամարտում ականատես կլինե՞նք:
-Մարտավարությունս չեմ ներկայացնի, սակայն կասեմ, որ մարզչիս հետ մշակել ենք համապատասխան տակտիկա՝ մրցակցիս ոճին համապատասխան:
- Այս անգամ ովքե՞ր են աջակցելու Աբրահամին մարտի ժամանակ: Ձեր կինը ներկա լինելո՞ւ է:
- Ընկերներ, հարազատներ, իմ մարտարվեստի երկրպագուները կհետևեն մարտին, իսկ կինս տանից կհետևի:
- Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ դիտարկում ենք Ֆյոդոր Չուդինովի հետ մենամարտելու տարերակը: Ի՞նչ փուլում է այն:
-Հաջորդ մենամարտերի մասին կխոսեմ ապրիլի 9-ից հետո: Հիմա դեռ առաջնային նպատակս ապրիլի 9-ի մենամարտում հաղթելն է:
Զրուցեց Լիանա Թորոսյանը