Արդեն երկու օր է՝ համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին տեղադրված շլագբաումը։ Հիմնական քննադատության առիթն այն է, որ եկեղեցական օրենքներին հարիր չէ քրիստոնյային գումարի դիմաց թույլ տալ մտնել վանական համալիր։ Հաղարծին վանական համալիր մեքենայով հասնելու համար այսուհետ պետք է վճարել 300 դրամ: Այս «նորամուծությունը» կատարվել է Տավուշի թեմի կողմից։

 

 


ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, սակայն վերջինս տեղում չէր։ Մեր հարցերին պատասխանեց Սիրանույշ Մելիքյանը, ով նշեց, որ դա արվել է խցանումներից, վթարներից խուսափելու և կարգուկանոն հաստատելու համար։

 

«Նա ասեմ՝ ավտոկայանատեղին ստեղծվել է տարածքում անխափան երթևեկություն ապահովելու և անհարկի խճողումներից խուսափելու համար։ Հատկապես տոնական օրերին շատ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվում, ինչը հանգեցնում է թե՛ վթարների, թե՛ տարբեր խժդժությունների։ Այդտեղ կարգուկանոն պետք է հաստատվեր, իսկ դա այլ կերպ անել հնարավոր չէր։ Բացի այդ, այն ստեղծվել է, որպեսզի լայն հնարավորություն ստեղծի մեքենաների կայանման համար։ Նախկինում մեկը մյուսի վրա՝ երկկողմանի կայանող մեքենաները լինելու են միակողմանի կայանմամբ, որով կկանխվեն նաև հնարավոր վթարները, որոնք շատ հաճախ պատահում են տվյալ տարածքում։ Ստեղծվել է լայն հնարավորություն՝ մեքենաների կայանման համար ամբողջ տարածքի երկայնքով: Այս ճանապարհով նաև հսկվում են մեքենաները, որի միջոցով հնարավորինս կկանխվեն տեղի ունեցող գողությունները և վնասները»,- ասաց նա։

 

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ ճանապարհը վերահսկվում է հատուկ կազմակերպության կողմից, որը տրամադրում է հատուկ կտրոններ՝ 300 դրամ վարձավճարով անժամկետ կայանման համար։

 

«Անշուշտ, մենք պարտք չենք համարում պատասխանելու հայհոյալից ու այլանդակ մեկնաբանություններին ու մեկնաբաններին, այլ պարզապես պատասխանատվություն ենք կրում հստակ կերպով առանց խուսափելու բացատրություններ տալ վերաբերյալի մասին։ Մենք հիմնականում միտք ենք ունեցել մեքենաների, մարդկանց պատճառով անհարմարություններից, անհարկի վնասներից խուսափելու համար դիմել այդ քայլին, որովհետև ոչ ոք ձրի չէր գա Հաղարծինում ծառայություն մատուցեր և կարգուկանոն հաստատեր։ Քաղաքակիրթ բոլոր միջոցները վանք բարձրացողների համար սահմանվել են։ Հատուկ ծառայություն է սահմանված հաշմանդամների կամ ֆիզիկական տկարություն ունեցող անձանց համար՝ մեքենաները մինչև գրեթե վանքի բակում կայանելու եղանակով: Միևնույն ժամանակ բարեկարգվում է ամբողջ վանքի տարածքը՝ մաքրելով աղբից և թափոններից՝ հանգստավետ միջավայր ստեղծելով բոլորի համար»,- փոխանցեց Սիրանույշ Մելիքյանը։

 

Այդ վարձավճարներից գոյացած գումարը, նրա խոսքով, օգտագործվելու է տարածքի մաքրության, բարեկարգման համար։

 

«Հստակ հաշվարկներ չունենալով հանդերձ՝ մենք ի նկատի ենք ունեցել նաև մեր կրելիք նյութական վնասները, որոնք կարող են ծագել սպասարկման ծախսերը վճարելու հետևանքով: Եվ վերջապես, նպատակը տարածքում կարգ ու կանոն հաստատելն է և քաղաքակիրթ, բարեկիրթ սպասարկման միջոցով մարդկանց հանգիստն ապահովելը: Քաղաքապետարանի աղբահանության ընկերության հետ պայմանագիր է կնքվել, որպեսզի տարածքը լինի բարվոք և աղբազերծ վիճակում։ Վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը մանրամասն բացատրություններ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր դրական մտահոգություններ կունենան այս առումով: Մեր նպատակը և ցանկությունը մեր ժողովրդին բարենպաստ և բարեկարգ պայմաններով ապահովելն է, ինչպես նաև պատշաճ ներկայանալ օտարերկրացի զբոսաշրջիկներին և այլ միտումներ բացարձակ չունենք»,- տեղեկացրեց Տավուշի թեմից Սիրանույշ Մելիքյանը։

 

Քրիստինա Աղալարյան