Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է այն, թե ինչ է սպասվում Հայաստանին ասենք 15-20 տարի հետո. համաձայնե՛ք՝ հարցն այս իրոք բավական գայթակղիչ է, մանավանդ երբ այն դիտարկում ես առավել գլոբալ համատեքստում՝ համաշխարհային պատմության տեսանկյունից: Բայց հիմա դրա մասին չէ, որ պետք է խոսենք. խոսելու ենք քաղաքական սերնդափոխության մասին, որը հետզհետե առավել արդիական է դառնում մեր երկրում:


Ինչպես գիտեք, վերջին շրջանում մամուլում բավական սուր հումորի թեմա է դարձել ՀՀԿ ԳՄ վերջին նիստում ընդունված մի որոշում, ըստ որի՝ նախատեսվում է ստեղծել քաղաքական դպրոց, որը կոչված է լինելու պատրաստել երիտասարդ քաղաքական կադրեր՝ հետագայում երկրի ներքաղաքական դաշտ մուտք գործելու հեռանկարով: Իհարկե, ասել, թե այս մտահղացումն ի սկզբանե դատապարտված կամ վարկաբեկված ձեռնարկ է, չի կարելի, բայց և համարել այն երկրի հետագա ժողովրդավարայնացմանն ուղղված քայլ, ևս չենք կարող. աչքներիս առաջ ունենք այն գորշ իրականությունը, որ իշխող է Հայաստանում արդեն շատ երկար տարիներ: Ու քանի որ մեր իրականությունը մեզ հուշում է, որ ցանկացած կուսակցական ձեռնարկ հիմնականում նպատակ է հետապնդում՝ երկրում սեփական գերակայությունը հաստատելու ու ամրապնդելու, ուստի՝ կփորձենք հասկանալ, թե հավանական քաղաքական սերնդափոխությունն ինչ կարող է տալ ոչ միայն նույն ՀՀԿ-ին, այլև երկրին ընդհանրապես:


Նախ՝ միանգամայն ակնհայտ է՝ իշխանությունների համար այլևս պարզ է դարձել, որ սեփական վերարտադրությունն անցնցում կազմակերպելու համար միայն օլիգարխիկ ծագում ունեցող փողերը բավարար չեն այլևս. հարկավոր է հենվել ոչ միայն ֆինանսավարչական անսպառ ռեսուրսների, այլև հանրության շրջանում առկա գոնե որոշակի հեղինակության վրա: 


Վստահաբար կարելի է ասել, որ քաղաքական սերնդափոխության բուն նպատակը հենց նոր ու հնարավորինս չվարկաբեկված դեմքերով հանդես գալն է, դեմքեր, որոնք կմարմնավորեն հավատն առ երկրի պայծառ ապագա: Իհարկե, այս ամենը վատ չէր լինի, եթե այն կրեր ոչ թե ձևական, այլ էական բնույթ: Ցավոք, այս առումով ունեցած փորձը բավական բացասական է, որպեսզի հնարավոր լինի հույս տածել, որ գոնե ապագայում ընդունակ կլինեն ինքնամաքրվելու, քաղաքական դաշտը լցնելու ոչ թե քրեաօլիգարխիկ տարրերով, այլ բանիմաց ու կիրթ անձանցով, որոնք առավելապես կմտահոգվեն ոչ թե սեփական գրպանի պարունակությամբ, այլ՝ երկրի ապագայով ու կլինեն իսկական հայրենասերներ:

 

Ի դեպ, հնչում են ամենևին էլ ոչ անհիմն մտահոգություններ, թե առավել հավանական է՝ այս ամենի նպատակը լինելու է ոչ այլ ինչ, քան ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ տարրերին վճարովի ծառայություններ մատուցող սերնդի ստեղծումը, որի խնդիրն է լինելու երկրի իրական կառավարական համակարգն ավելի քաղաքակիրթ շղարշով ծածկելը:


Թե որքանով կարող է այս ամենին ծառայեցվել նոր քաղաքական դպրոցի հիմնարկեքը, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց կարծել թե զանազան խաբեություններով կարելի կլինի մոլորության մատնել հայ հասարակությանը, կատարյալ հիմարություն կլիներ, քանի որ, որքան էլ դա զարմանալի լինի մի շարք քաղաքական ուժերի համար, հասարակությունը շատ ավելի խորագետ է իրականում, քան կարելի է նույնիսկ երևակայել, և, ինչպես կյանքն է ցույց տվել, երբեք հակված չէ՝ որևիցե խայծ կուլ տալու. մարդկանց շոշափելի արդյունքներ են հարկավոր, այլ ոչ թե պրոպագանդիստական պղպջակներ:


Դավիթ Բաբանով