Անցած տարի Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով նախաքննության մանրամասներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը։ Նա մի շարք ուշագրավ մանրամասներ ներկայացրեց։
Համբարձումյանը ներկայացրեց լուսանկարներ՝ ապացույցների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ԱԱԾ-ն պարզել է, որ խումբը գաղտնի հեռախոսներ է ունեցել, որոնցով իրար հետ կապ են հաստատել։ Խմբի անդամները նախքան Երևան գալը, գյուղերից մեկում պարապունքներ են անցկացրել, զենք-զինամթերքն օգտագործելու հմտություններ են ձեռք բերել և այլն։
«Մեր օպերատիվ գործողությունների արդյունքում կարողացել ենք բացահայտել և գաղտնալսել նրանց։ Ձեզ ենք ներկայացնում նաև նոթատետրերից մեկ հատված, որում նշված են անուններ ու դրանց դիմաց՝ գերատեսչությունների անունները՝ Բաղրամյան 26, Սահմանադրական դատարան և այլն։ Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր անունը, զենքը։ Խմբի անդամները հաշվառել են իրենց զենքերը, զինամթերքը»,- ներկայացրեց ԱԱԾ պաշտնյան։
Նա նշեց, որ իրենք ձեռք են բերել մի շարք տեսանյութեր, ձեռագիր քարտեզներ։ «Նախաքննության ընթացքում համակարգիչների զննությամբ հայտնի է դարձել, որ խումբը հավաքել է քաղաքական գործիչների տվյալներ, պատգամավորների մասին կենսագրական տվյալներ։ Google ծրագրով առանձնացվել են քաղաքական գործիչների բնակության հասցեները։ Տեղեկություններ են հավաքվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մասին։ Խումբը հսկողության տակ է պահել նախագահի անվտանգության աշխատակիցներին, լուսանկարել նախագահական նստավայրը և այլն։ Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը Գյումրիի եկեղեցում, երբ նախագահը ևս այնտեղ է եղել, տեսանկարահանել է։ Ինքը՝ Արթուր Վարդանյանը, եղել է եկեղեցական հագուստով և վերևից նկարահանել է»,- ներկայացրեց Համբարձումյանը։
ԱԱԾ պաշտոնյայի խոսքով՝ խմբի առանձին անդամներ առաջարկել են մահափորձ իրականացնել նախագահի նկատմամբ, սակայն Արթուր Վարդանյանի կողմից մերժվել է։
Համբարձումյանը հավելեց, որ իրենց հայտնի է խմբի ֆինանսավորման աղբյուրը. ֆինանսավորողը ՀՀ-ում, գործունեություն է ծավալում այստեղ։ Վերջինս գործում ներգրավված է որպես մեղադրյալ։
Վերջում հավելենք՝ անձինք, ովքեր ներգրավված են քրեական գործում, համարվում են անմեղ, քանի դեռ չկա դատարանի որոշում։
Մանրամասները՝ քիչ ուշ