Մայիս ամսին կսկսի գործել ՀՀԿ համահիմնադիր Անդրանիկ Մարգարյանի անունը կրող ՀՀԿ քաղաքական դպրոցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Դպրոցի հետ կապված աշխատանքները ղեկավարում է Աշոտյանը։

 

Վերջինս նորմալ համարեց այն քննադատությունները, թե քաղաքական դպրոցը լինելու է ՀՀԿ-ի գաղափարախոսության տարածման համար։ «Չեմ զարմանում, որովհետև ՀՀԿ-ն առաջինն է, որ նման որոշում է կայացրել։ Դպրոցի ստեղծման նպատակն է բարելավել կուսակցության անդամների և համակիրների կազմակերպչական, քաղաքական և ինտելեկտուալ կարողությունները: Դպրոցի նպատակներից է լինելու նպաստել քաղաքական ու քաղաքագիտական մտքի զարգացմանը Հայաստանում, այն, ինչի անհրաժեշտությունը զգացվում է»,- մանրամասնեց ՀՀԿ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ դպրոցի դռները բաց կլինեն նաև անկուսակցական մարդկանց համար։

 

Աշոտյանը վստահեցրեց, որ եթե իրենց մոտ չստացվի այս դպրոցը կայացնել, ապա ոչ մի կուսակցության մոտ չի ստացվի. «Դժվար է լինել առաջինը, բայց մենք անցել ենք այդ ճանապարհը»,- նշեց նա:

 

«Քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես մեր կուսակցության համապատասխան թեմաներին և ոլորտներին տիրապետող անդամները, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, որոնց քաղաքական պատկանելիությունը երկրորդական է այս պահի դրությամբ»,- հավելեց Արմեն Աշոտյանը։