Երեկ՝ 2017 թվականի Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ, երկրպագուներին, որոնց մեջ եղել են նաև ՖԱՖ-ի նախկին անդամներ, արգելել են մուտք գործել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՖԱՖ նախկին անդամ Տիգրան Մազմանյանը նշեց, որ հանդիպումից առաջ կարգադրիչներն ու ոստիկաններն իր և իր մի քանի ընկերների մուտքն արգելել են՝ պատճառաբանելով, որ նրանք ներկայացնում են «Առաջին հայկական ճակատ»՝ (ՖԱՖ) ֆան ակումբը:
«Ոստիկանները ոչ մարդկային կերպով դուրս հանեցին՝ հրելով, քաշքշելով: Այստեղ տեղի է ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտում: ՀՖՖ-ն որոշում է կայացրել ՖԱՖ անդամներին մարզադաշտ չթողնել, իսկ ոստիկանները և կարգադրիչները թույլ տալով կոպիտ խախտումներ՝ մարզադաշտ չեն թողնում մտնել ՖԱՖ-ի հետ կապ չունեցող մարդկանց: Ոստիկաններին հարց ես տալիս՝ ինչո՞ւ չեք թողում, ասում ա՝ որովհետև ակտիվիստ եք։ Իսկ ես անձամբ, մինչև Ռուբեն Հայրապետյանի հեռացումը չլինի, չեմ մասնակցելու ոչ մի հանդիպման։ Մեր ֆուտբոլն այնքան լավ վիճակում ա, որ մի հատ էլ չեն թողնում երկրպագուն մարզադաշտ գնա: Ամոթ ա, մի՛ բռնաբարեք հայկական չեղած ֆուտբոլը»,- հայտարարեց Տիգրան Մազմանյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից մեզ հետ զրույցում մեկնաբանեցին կատարված միջադեպը. «Երկրպագուներին մարզադաշտ թողնել-չթողնելու հարցով զբաղվում է ՀՀ ոստիկանությունը և «Արմոբիլ» ընկերությունը, հետևաբար՝ պատասխանատվությունը կրում են նրանք։ Իսկ ՀՖՖ-ի անունից հայտարարություն անելու իրավասություն ունի միայն ՀՖՖ-ն: ՀՖՖ-ն պատասխանատվություն չի կրում այն հայտարարությունների համար, որոնք արել են ոստիկանության ներկայացուցիչները կամ «Արմոբիլ»-ը»»,- նշեցին ֆեդերացիայի լրատվականից։
Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն ֆեդերացիայի կողմից հստակ հրահանգ չի՞ եղել ՖԱՖ-ի անդամներին կամ նրանց համակիրներին մարզադաշտ չթողնելու, ֆեդերացիայի լրատվականից ասացին. «Ավելի ճիշտ կլինի՝ իրանցից ճշտեք: Եվ հետո՝ Հայաստան-Բելառուս խաղի ժամանակ ՖԱՖ-ը եկավ և խաղը դիտեց: Եթե նման արգելք լիներ, դա էլ չէր լինի չէ: Հավանաբար, այդպիսի բան չկա։ Ոստիկանությունն ու «Արմոբիլն» են, չէ՞, կարգադրել ներս չթողնել: Իրենցից ճշտեք»:
Ոստիկանությունից ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ ոստիկանության ծառայողները նման իրավասություն չունեն և երկրպագուներին մարզադաշտ թողնել-չթողնելով զբաղվում է «Արմոբիլ» ընկերությունը։ «Արմոբիլ» ընկերությունից այդպես էլ չստացվեց մեկնաբանություն ստանալ, քանի որ ղեկավար կազմից ոչ ոք տեղում չէր։ Ընկերությունից պարզաբանում ստանալուն պես, այն կհրապարակենք։
Ք. Աղալարյան