Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց Առողջապահության նախարարությանը հատկացնել 40.274.9 հազար դրամ:

 

Կառավարությունը հավանության է արժանացրել Հանրապետությունում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը, և հիմնադրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Ներկայումս ծրագրի առաջին փուլը դեռ ավարտված չէ, և ընկերությունն իր հիմնական գործունեությունը դեռ չի սկսել, հետևաբար չունի ֆինանսական բավարար միջոցներ պահպանման ծախսերի և անհրաժեշտ կահույքի ձեռքբերման ու կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

 

Նախագիծը ներկայացնող Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նախագահի ախատակազմից երեկ ուշ երեկոյան առաջարկներ են ստացել, որոնց քննարկման համար երեք օր ժամանակ է հարկավոր:

 

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ևս ժամանակ խնդրեց, ինչը կարծես բարկացրեց վարչապետին. «Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում, բա ինչո՞ւ համաձայնությունները չեք հավաքել»,- հարցրեց վարչապետը:

 

Արմեն Մուրադյանն ասաց, որ խնդիրը քննարկվել է համապատասխան նախարարական կոմիտեում, եղել են առաջարկներ, և երեկ ուշ երեկոյան ևս եղել է առաջարկ՝ խմբագրական որոշակի փոփոխություններ անելու՝ նախագահի աշխատակազմի և Ֆինանսների նախարարության կողմից:

 

«Հիմա, պարոն Մուրադյան, մենք այս գումարով ավարտո՞ւմ ենք լրիվ աշխատանքը և լիովին սկսո՞ւմ ենք գործարկել կենտրոնը»,- հետաքրքրվեց վարչապետը:

 

Նախարար Մուրադյանն ասաց, որ հատկացվող գումարով կավարտվեն աշխատանքները:

 

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ ընկերությունը հնարավորություն կստանա իրականացնել 2016 թվականի պահպանման ծախսերը և անհրաժեշտ կահույքի ձեռքբերումը, ինչպես նաև կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքները մինչև ռադիոիզոտոպների արտադրության գործարկումը և ծրագրի առաջին փուլի ավարտը: