Արդեն բավական ժամանակ է, ինչ Լևոն Մկրտչյանն ստանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկը: Ճիշտ է՝ այդ օրվանից դեռևս անգամ 100 օր չի անցել (սովորաբար, 100 օրն է համարվում այն նվազագույն շեմը, որից հետո ընդունված է գնահատականներ տալ այս կամ այն նախարարի գործունեությանը), բայց կցանկանայինք մոտավորապես հասկանալ այն տրամաբանությունը, որով նախարարն առաջնորդվելու է իր հետագա գործունեության մեջ մի ոլորտում, ուր բազում են խնդիրներն ու շուտափույթ լուծում պահանջող հարցերը: Առայժմ Մկրտչյանը, երևում է, չի շտապում մտնել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի տակ ու փորձում է նախ, ինչպես հարկն է, սեփական ճաշակին համապատասխան վերանորոգել իր «կաբինետը» (մարդը Աշոտյանի ճաշակի հետ համամիտ չէ, իսկ սենյակի պատի գույնն էլ մի տեսակ ճնշել է նրա նուրբ ներաշխարհը). ասում են՝ ԿԳ նախարարությունում՝ շեֆի սենյակում, ողջ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Բայց մինչ Մկրտչյանն զբաղված է բառիս ամենալայն իմաստով նախարարությունն իրենով անելու գործով, կրթության ոլորտի խնդիրները շարունակում են մնալ չլուծված ու անտեսված՝ ժամ առաջ սպասելով իրենց հանգուցալուծմանը:

 

Բանից պարզվում է՝ ՀՀ-ում բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ մակարդակն արմատական բարեփոխումների կարիք է զգում արդեն շատ վաղուց: Մասնավորապես՝ մտավորականների շրջանում հասունացել է մտահոգություն՝ կապված այս տարվա փետրվարի 25-ինՀՀ կառավարության կողմից ընդունած ասպիրանտուրայում ընդունելության և ուսուցման 238 -Նորոշման հետ, որը, նրանցից շատերի կարծիքով, իսկական հետընթաց է ասպիրանտական համակարգում: Պարզվում է՝ համաձայն կառավարության որոշման՝ ասպիրանտուրայում ընդունելության պայման է ներկայացվում օտար լեզվի, ինֆորմատիկայի իմացությունը, բաներ, որոնք վաղուց արդիական չեն արևմտյան կրթական համակարգում: Մասնագետներից շատերի համոզմամբ՝ ժամանակն է հասկանալու, որ լավագույն ասպիրանտներ հավաքագրելիս պետք է շեշտադրել ոչ թե օտար լեզուների իմացությունը, այլ մարդու կարողություններն ու հմտությունները՝ համապատասխան հետազոտությունը կատարելու համար:


Բավական անհասկանալի է մնում նաև ասպիրանտուրա դիմելիս ինֆորմատիկայից քննություն հանձնելու պահանջը. պետք է, որ հասկանալի լինի՝ եթե մարդն ավարտել է ոչ միայն բակալավրիատ, այլև՝ մագիստրատուրա, պետք է որ համակարգչային գիտելիքներից չնեղվի:

 

Հիմա տեսնես Մկրտչյանը տեղյա՞կ է այս ամենի մասին և եթե այո, ապա ի՞նչ է մտածում սույն խնդրի մասին: Օրինակ՝ արդյոք նա չի՞ կարծում, որ գիտության ասպարեզում առավել մեծ հաջողությունների կարող են հասնել ոչ թե նրանք, ովքեր լավ «զուբրիտ» են անում այս կամ այն թեստը, այլ նրանք, ովքեր հետազոտական աշխատանքի ջիղ ունեն, օժտված են ստեղծարար մտածողությամբ… Հուսանք՝ այս հարցի պատասխանը կիմանանք գոնե այն ժամանակ, երբ կավարտվի Մկրտչյանի կաբինետի վերանորոգումը. տեսնես ի՞նչ գույն է ներկում նա պատերը…


Դավիթ Բաբանով