ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը:

 

 

Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ծորակի ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ թե՛ ծորակի ջրում, թե՛ լիմոնադի նշված խմբաքանակում հայտնաբերվել են մանրէաբանական մի շարք խախտումներ. լիմոնադը չի համապատասախանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ճանաչվել է վտանգավոր:

 

 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ծառայությունից, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով՝ մարտի 31-ից կասեցվել է Ա/Ձ Վաչե Մեջլումյանի արտադրամասի «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը, արգելվել է արտադրամասի պահեստում առկա խմբաքանակի իրացումը, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է արդեն իսկ իրացված լիմոնադը իրացման կետերից հետ կանչել և պահեստային մասում առկա խմբաքանակի հետ միասին օգտահանել:

 

 

Հանձնարարվել է նաև մինչև 2016 թվականի ապրիլի 20-ը վերացնել խախտումները' ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը համապատասխանեցնել սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության: