Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումը. «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնան» հյուրընկալեց սկզբունքային մրցակցին՝ Մադրիդի «Ռեալին»: Պատմության 232-րդ Կլասիկոն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Կլասիկոն դիտելու է գնացել 99264 հանդիսական, ինչը Եվրոպայում այս մրցաշրջանում հանդիսականների քանակի ռեկորդային ցուցանիշ է: Երկրպագուները հանդիպման առաջին գոլին ականատես եղան 56-րդ րոպեին՝ Խերարդ Պիկեն Ռակիտիչի փոխանցումից հետո գրավեց մադրիդցիների դարպասը, պատասխան գոլը 62-րդ րոպեին հեղինակեց Քարիմ Բենզեման: Առանց հեռացման հանդիպումը չավարտվեց. 82-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտը լքեց Սերխիո Ռամոսը: Չնայած դաշտի տերերը քանակային առավելություն ստացան՝ այնուամենայնիվ, Զիդանի թիմին հաջողվեց հաղթանակ տոնել: Կրիշտիանու Ռոնալդուն Գարեթ Բեյլի փոխանցումից հետո 85-րդ րոպեին տխրեցրեց «կապտանռնագույններին»:
Հավելենք, որ խաղի սկզբին թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Յոհան Կրոյֆի հիշատակը, իսկ 14-րդ րոպեին ծափահարեցին լեգենդին:
Այս հաղթանակից հետո մադրիդցիները կրճատեցին տարբերությունը՝ հասցնելով 7 միավորի և 69 միավորով երրորդ տեղում են: Կատալոնացիներն ունեն 66 միավոր: