Ղազախստանի նախագահը և վարչապետը կարո՞ղ են բացատրություն տալ, թե ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստն ինչո՞ւ են ուզում փոխադրել Մոսկվա: Վստահ եմ՝ չեն կարող… Իսկ գոնե հասկանո՞ւմ են, որ այս քայլով հարվածի տակ է դրվում ԵԱՏՄ հեղինակությունը, նվազեցվում այդ կառույցի նկատմամբ եթե ոչ ՀՀ ղեկավարության, ապա հայ հասարակության վստահությունը: Կարծում եմ՝ թքած ունեն դրա վրա, ավելին՝ ուրախ կլինեն դրա համար: Համենայն դեպս, բոլորս մտահոգվելու բան ունենք՝ Ղազախստանի ժողովրդից սկսած… Իսկ մտահոգության ամենամեծ բաժինը, կարծում եմ, Ռուսաստանը պետք է ունենա:

 

Ինչպես ավելի վաղ հրապարակել էին որոշ ԶԼՄ-ներ, Մեդվեդևը Երևանում մասնակցելու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի կողմից ընդունվել էր խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերը:

 

Եկեք ժամանակագրական հերթականությամբ հետևենք հիշյալ նիստի առնչությամբ այս ամիս տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է հրապարակվել (ենթադրում ենք, որ Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի համապատասխան բարձրաստիճանների միջև քննարկումների, բանակցությունների մի մասի վերաբերյալ էլ հանրությանը չի հայտնվել):
Ապրիլի 1-ին, երբ Ադրբեջանը դեռ չէր սկսել Արցախի հանդեպ իր լայնամասշտաբ ռազմական գործողությունները Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել: ՀՀ կառավարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության վարչապետի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր»: Այսինքն՝ ապրիլի 1-ին ՀՀ վարչապետը սպասելիս է եղել, որ հիշյալ նիստը ՀՀ-ում է անցկացվելու, ՌԴ վարչապետն էլ ոչինչ չի ասել, որ նիստը հետաձգվելու է ու տեղափոխվելու է Մոսկվա: Սա հուշում է, որ հետագայում նիստը հետաձգելը և Մոսկվա տեղափոխելու մտադրությունն անհեթեթորեն բխեցվել են Ադրբեջանի վերոնշյալ ագրեսիայից:

 

Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դարձյալ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների կայքերի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի առաջարկությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ: Հետագայում այլ առիթով հրապարակված տեղեկություններից ուղղակի բխում է, որ ՀՀ վարչապետը նշված քննարկման ընթացքում չի համաձայնել Ղազախստանի հիշյալ առաջարկությանը: Ի դեպ, ՀՀ կառավարության հրապարակած հիշյալ տեղեկատվության մեջ Ղազախստանի՝ Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող լինելու վերաբերյալ ոչինչ չի նշված, նշված է միայն Եվրասիական տնտեսական միությունում նախագահող լինելու մասին:

 

Հենց հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության և դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ, քննարկվել են նաև երկկողմ համագործակցության առանձին հարցեր: Ոչինչ չի հաղորդվում, որ նրանք խոսել են նաև Երևանում նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի հետաձգման և Մոսկվա տեղափոխելու վերաբերյալ, սակայն գրեթե կասկած չունենք, որ անդրադարձ է կատարվել նաև այդ հարցին, ավելին' նրանց հեռախոսազրույցի առաջնային պատճառը թերևս հենց այդ խնդիրն է եղել:

 

Նույն օրը, բայց, դատելով տեղեկատվության հրապարակման ժամից, Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հեռախոսազրույցից հետո, ղազախական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև: Նախագահները մտքեր են փոխանակել ս. թ. ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը չի համաձայնել հիշյալ նիստը Մոսկվա տեղափոխելու Ղազախստանի առաջարկին և Նազարբաևին խորհուրդ է տվել կամ առաջարկել զանգահարել ՀՀ նախագահին, այդ կապակցությամբ նրա հետ խոսել, այսինքն՝ Ղազախստանի իր պաշտոնակցին ասել է մոտավորապես հետևյալը՝ այդ հարցով պարոն Սարգսյանին դիմիր, տե՛ս, թե կարող ես, նրան համոզիր: Կարծում ենք՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՀՀ նախագահը չի համոզվել և չի ընդունել Նազարբաևի հիշյալ առաջարկը: Այդ մասին է հուշում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի երեկ տված պարզաբանումը: Վերջինս մասնավորապես ասել է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

 

Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա: Պարոն Աբրահամյանը նշել է նաև, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստն անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»:

 

Այսինքն՝ Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ ՀՀ վարչապետը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, և հուսով ենք, որ եթե վերջնականապես որոշվի տվյալ նիստը Մոսկվա տեղափոխել, ապա Հովիկ Աբրահամյանի որոշումը կլինի այն բոյկոտելն ու տվյալ նիստին չմասնակցելը: Ավելին. այսուհետ չմասնակցելն Աստանայում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի որևէ նիստի և, ընդհանրապես, Ղազախստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում որևէ միջոցառման: ՀՀ վարչապետը, կարծում ենք, պետք է մտածի ոչ միայն իր, այլև Հայաստանի Հանրապետության պատվի և արժանապատվության մասին, ինչպես նաև Հայաստանի քաղաքական շահերի պաշտպանության… Սա ի՞նչ խայտառակություն է՝ ԵԱՏՄ-ն տնտեսական մարմին է, սակայն Նազարբաևն իր այս նախաձեռնությամբ այն փորձում է վերածել քաղաքական մարմնի ու դրանով վերջին իրադարձությունների առնչությամբ վերաբերմունք արտահայտել Հայաստանի նկատմամբ՝ այն դեպքում, երբ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն որևէ մեղք չունեն, լայնամասշտաբ ռազմական գործողությունները նախաձեռնողն Ադրբեջանն է եղել:

 

Դժվար չէ հասկանալ, որ իր այս քայլով Աստանան փորձում է կատարել իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի խնդրանքը, ավելի ճիշտ, իրականացնել Ադրբեջանի, թերևս նաև Թուրքիայի ծրագրածը: Կարծում ենք՝ Նազարբաևը վաղուց է Ղազախստանը հեռանկարում տեսնում պանթուրքական ծիրում, և ինչպես Էրդողանը, ինքն էլ քաղաքական իսլամի հետևորդներից է առայժմ, թերևս, ծպտյալ կերպով:

 

Չնայած զինադադարի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և այն հանգամանքին, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայի առաջին օրվանից էլ ընդգրկված չի եղել լայնածավալ ռազմական գործողություններում, Ալիևի եղբայրն ուզում է աշխարհին ասել, որ Երևանը պատերազմի մեջ է, անվստահելի տեղ է, հարմար կամ անվտանգ չէ այնտեղ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի մասնակցությամբ նման բարձր մակարդակի հանդիպում անցկացնելը: Թերևս անուղղակի ձևով ուզում է աշխարհին ասել նաև, որ հայկական կողմն է եղել ագրեսորը, դրա համար էլ մերժվում է Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը, այլ կերպ ասած՝ նպատակը Հայաստանին քաղաքականապես պատժելն է:

 

Շատ կարևոր է, թե այս հարցում ինչ դիրքորոշում կարտահայտեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի վարչապետները, կենթարկվե՞ն առաջարկության ձևով ներկայացվող Ղազախստանի պահանջին, թե՞ դեմ լինելով դրան, կորոշեն, որ հիշյալ խորհրդի նիստը, թեկուզ հետաձգմամբ, Երևանում է անցկացվելու: Կարծում ենք՝ շատ շուտով դա պարզ կլինի: Եթե Բելառուսը և Ղրղզստանը պաշտպանեն Ղազախստանի, այսպես ասած, առաջարկը, ապա Հայաստանն ու Ռուսաստանն այդ հարցում կմնան միայնակ, իսկ կողմերի նման հակադրումը կարող է սկիզբ դնել ԵԱՏՄ-ի պառակտման: Կարծում ենք՝ այս առումով Ռուսաստանի վիճակը մերինից պակաս ծանր չէ:

 

Արթուր Հովհաննիսյան