«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է որպես ԼՂ պաշտպանության բանակի հաղթանակ: Լրագրողների հետ զրույցում ապրիլի 8-ին Բեքարյանը նշեց, որ վերջին օրերին հանրության շրջանում մեծ համախմբվածություն կար:

 

«Այն, ինչ ունենք, աննախադեպ է: Հայկական երկրորդ պետության համար վտանգ էր առկա: Ոչ ոք, առավել ևս թշնամին, չէր պատկերացնում, որ հանրության շրջանում նման համախմբում կլինի: Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան աշխատել է և հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրենց թույլ տան, մի քանի օրում «կազատագրեն» թե՛ Ղարաբաղը, թե՛ հարակից տարածքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Բեքարյանը:

 

ԱԺ պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարեցվում էր ՀՀ պետբյուջեին. հարևան երկիրը վերջին շրջանում միլիարդների հասնող սպառազինությունների գործարքներ էր կնքում: «Այս ամենը մեկ նպատակի էր ծառայում. Ադրբեջանի խոսքով՝ «պատերազմը չի ավարտվել, եղել է առաջին փուլը, երկրորդ փուլի ժամանակ իրենք ամեն ինչ կապացուցեն»,- նշեց Կարեն Բեքարյանը:

 

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն իրականացրեց պատրաստված, պլանավորված հարձակում:

 

«Հաշվի էր առնված այն հանգամանքը, որ գերագույն հրամանատարը՝ ՀՀ նախագահը, անմիջական կապի որոշակի խնդիրներ է ունենալու, գործողությունները համընկնում էին երկրի ղեկավարի վերադարձի հետ: 22 տարի պատրաստած հարձակում էր: Թե ինչ է եղավ արդյունքը' բոլորի աչքի առաջ է»,- հավելեց ԱԺ պատգամավորը:

 

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Ադրբեջանում ժողովրդավարության ստվեր անգամ չկա: «Տեսնում ենք, թե մեդիայի նկատմամբ ինչ է կատարվում: Ադրբեջանի իշխանությունները հանրությանը երկար ժամանակ հեքիաթներով են պահել»,- նշեց նա:

 

ԱԺ պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցած իրադարձությունները համընկնում են Panama Papers գաղտնազերծված փաստաթղթերի արտահոսքի հետ: Նրա համոզմամբ' Ադրբեջանի ղեկավարն իրականության զգացողության կորուստ ունի, և փոքր ժամանակ «մարդուկներով» չխաղացած խաղը որոշում է հիմա խաղալ:

 

«Ադրբեջանն իր բոլոր գործողություններով խախտել է միջազգային իրավունքը, իրականացրել ռազմական հանցագործություններ: Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ: Բոլոր մայրաքաղաքներում հստակ պատկերացնում են, որ աշխարհի որևէ կոնֆլիկտի պարագայում այս երկրներին միջնորդ ընկալելը շատ բարդ է լինելու: Հայաստանը պետք է հասնի նրան, որ Թուրքիան Մինսկի խմբից դուրս գա, քանի որ պատերազմ է հրահրում»,- նշեց նա՝ շեշտելով, որ հայաստանյան դիվանագիտությունը պետք է բանակի լուծած խնդիրներից հետ չմնա: