Արցախա-ադրբեջանական սահմանին չորսօրյա պատերազմը Բաքվում մի շարք հարցերի պատասխանը տվեց: Այս պատերազմն ու դրան հետևած արձագանքները բացահայտեցին ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերի թույլ կողմերը ու ԻՊ անդամների ներգրավվածությունը Զինված ուժերին, այլև հանգամանքը, որ առաջնագծում կռվող տղաների գերակշիռ մասն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ առանց հատուկ պատրաստության, մարտական ոգու կամ հայրենիքի հանդեպ թեկուզ նվազագույն հարգանքի: Առաջնագծում բացառապես ազգային փոքրամասնության ներկայացուցիչների լինելը նախ խոսում է Ադրբեջանում ոչ թափանցիկ զորակոչի և պաշտպանական գերատեսչության՝ որպես պետական համակարգի կոռումպացվածության, նաև ազգային փոքրամասնություններից ազատվելու պետական լուրջ ծրագրերի մասին: Ակնհայտ է, որ այս մարտական գործողություններով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր միանգամից երկու հարց լուծ ել՝ առաջնագծում պայքարել հայերի դեմ ու երկիրն ազատել ազգային փոքրամասնություններից՝ հատկապես լեզգիներից և թալիշներից: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ոչ բոլոր թալիշցիներն են ցանկանում պատերազմել կամ ոչ բոլորն են հայերին համարում թշնամի:
«Սա մեր պատերազմը չէ». սա Թալիշների ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդման անունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի քան մեկ ժամ տևողությամբ հաղորդման ժամանակ մեկնաբանն անդրադառնում է ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին ու այդ գործողությունների ժամանակ զոհված ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին: Հաղորդման ժամանակ մեկնաբանը շեշտում է, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է լուրջ կորուստներ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային: «Այդ զոհերի մեջ շատ են մեր եղբայրները՝ թալիշները: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ թալիշ զինվորներն առաջին գծում են: Նրանք ստիպված են ենթարկվել բռնակալի հրամաններին և զոհվել այլոց շահերի համար»,- ասում է մեկնաբանն ու ցավով փաստում, որ թալիշներn իրենց կյանքը զոհում են Ալիևի պարտված ծայրահեղականության դեմ՝ չհասկանալով, որ այդ կերպ աջակցում են սեփական թշնամուն:
Հաղորդումը համացանցում լուրջ քննարկումների թեմա է դարձել: Բազմաթիվ թալիշներ հեռուստաընկերության Youtube-ի էջում մեկնաբանություններ են թողել՝ խնդրելով հաղորդման հեղինակին հաղորդում պատրաստել նաեւ այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց հետ վարվել Արցախյան պատերազմի ժամանակ: Շատ թալիշներ ներողություն են խնդրել, որ իրենց զինակիցները դիրքերում կռվում են հայերի դեմ՝ շեշտելով, որ նրանք ընդամենը ենթարկվում են Ալիևին և հայերին թշնամի չեն համարում: Այս առնչությամբ հետաքրքրական են նաև ադրբեջանցիների մեկնաբանությունները. Օրինակ, մեկն ասում է. «Եթե Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին դուրս չի գալիս կյանքը Բաքվում, թող իրենք էլ հեռանան: Իրենց ոչ ոք չի ստիպում ապրել մեզ հետ»: Կամ մյուսը. «Տխմարներ, կարծո՞ւմ եք հայերը ձեզ հետ ավելի լավ են վարվելու, որ այս պահին նրանց եք պաշտպանում»: