Ստամբուլում ապրիլի 14-15-ը տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովը, որի շրջանակում այսօր Ստամբուլում կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ասաց՝ փորձը ցույց է տվել, որ կոնկրետ սադրանքների առումով ամեն ինչ կարելի է սպասել։
«Այլևս չի բացառվում, որ նման բան կարող է լինել։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչ պետք է քննարկեն Ալիևն ու Էրդողանը։ Ես ավելի քան համոզված եմ, որ վերջին իրադարձությունները ևս կքննարկվեն և գուցե հետևություններ արվեն։ Եթե երկու կողմի լիդերները հանդիպում են, ավելի ռեալ են նայում իրականությանը։ Չի բացառվում, որ Էրդողանն ասի՝ դեռ ժամանակը չէ սահմանային լարումների կամ պետք է ավելի լավ պատրաստվել»,- մանրամասնեց Ասատրյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններն, իհարկե, մտածում են, որ սա իրենց կռիվը չէ, բայց չեն կարող վեր կենալ և այդ մասին բարձրաձայնել։ «Պատկերացրեք՝ օտար վերահսկողության պայմաններում վեր կենան և նման բան ասեն։ Նրանք բազմաթիվ լծակներ ունեն ազգային փոքրամասնությունների վրա ազդելու։ Սպասել, որ որևէ մեկը կարող է այժմ վեր կենալ և հայտարարություն անել, վաղ է։ Այդպիսի բան կարող է լինել միայն այն դեպքում, երբ իրավիճակը դուրս գա Ադրբեջանի իշխանությունների վերահսկողությունից։ Իսկ այս դեպքում ակտիվ դրսևորեցին իրենց թալիշները»,- եզրափակեց իր խոսքը Սարգիս Ասատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր Թալիշների ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված «Սա մեր պատերազմը չէ» ավելի քան մեկ ժամ տևողությամբ հաղորդման ժամանակ մեկնաբանն անդրադառնում է ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին ու այդ գործողությունների ժամանակ զոհված ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին: Հաղորդման ժամանակ մեկնաբանը շեշտում է, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է լուրջ կորուստներ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային: «Այդ զոհերի մեջ շատ են մեր եղբայրները՝ թալիշները: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ թալիշ զինվորներն առաջին գծում են: Նրանք ստիպված են ենթարկվել բռնակալի հրամաններին և զոհվել այլոց շահերի համար»,- ասում է մեկնաբանն ու ցավով փաստում, որ թալիշներն իրենց կյանքը զոհում են Ալիևի պարտված ծայրահեղականության դեմ՝ չհասկանալով, որ այդ կերպ աջակցում են սեփական թշնամուն: