Այսօր`ապրիլի 14-ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրահավաք էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ`թեպետ հորդառատ անձրևի, հրապարակը բազմամամրդ էր: Հանրահավաքը վարում էր Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հատկանշանական էր այն հանգամամնքը, որ Սասուն Միքայելյանը հանրությանը ներկայացավ զինվորական համազգեստով և իր ելույթը սկսեց ողջունով` զինվորների, ազատամարտիկների անունից:
«Ժողովուրդ ջան, ես այս քաղաքում քաղաքապետ եմ եղել, ես այս քաղաքից երկար ժամանակ ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, ես ոչ մեկին ոչ բռնել եմ տվել, ոչ մեկին ոչ փող եմ բաժանել: Փող շատ եմ տվել, բայց չեմ բաժանել, որ ձայն առնեմ»,- ասաց քաղաքապետի թեկնածուն և դիմելով հավաքվածներին ասաց, թե արդյոք որևէ մեկը կկարողանա բարձրանալ հարթակ ու ասի, թե ինքը մի դրամ մի լումա ընտրակաշառք է բաժանել, կամ քաղաքապետ լինելու տարիներին կաշառք է վերցրել:
«Ես սարերից եկած միամիտ, ձեր կողմից ընտրվել եմ ու ձեր վստահությունը պահել եմ մինչև այսօր: Եղել է և’ կյանքի գնով, և’ գաղափարով, և’ հոգեբանությամբ, ես ձեզնից չեմ հեռացել»,- ասաց Միքայելյանը և հավելեց. «Պետք է վերջիվերջո ժպտա Հրազդանը ու կժպտա, չկասկածե’ք»:
Այս խոսքերի ժամանակ հրազդանցիները սկսեցին բացականչել. «Հաղթանա’կ, հաղթանա’կ»:
«Ես եկել եմ մի բան պարզեմ` իմ թիկունքը ապահով է, թե` ոչ: Արդյոք դանիելյանները առնում ու ծախում են այս ճակատագրական պահին: Ես ուզում եմ դիմել ՀՀ իշխանությանը, ո՞վ է իրավունք տվել սրանց, որ այս վիճակում 200.000 դոլարներով բերեն կաշառք բաժանեն ժողովրդին, ո՞վ է նրանց այդքան հնարավորություն տվել: Թող կանգներ ասեր էսքան կաշառքի համար փող ունեմ, բայց ես ուղարկում եմ բանակին, որ տեխնիկա առնեն: Դու իրավունք չունես զինվորի ծնողի պատվի, իրավունքի ու արժանապատվության հետ խաղաս: Դու ի՞նչ իրավունք ունես իմ ժողովրդին առնես, իմ ժողովրդին շեղես, իմ զինվորի թիկունքը խալխլես»,- ելույթի ընթացքում ասաց Միքայելյանը: