ԵԱՏՄ-ն դեռ կայացած կառույց չէ, առավել ևս՝ քաղաքական կառույց չէ, այն երբեք էլ քաղաքական չի եղել, այն զուտ տնտեսական կազմակերպություն է:ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշելով այս մասին, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նկատի ունենալով Ղազախստանի «ջանքերով» ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների Երևանում ապրիլի 8-ին նախատեսված նիստի չկայանալը, դրա հետաձգումը մայիս, ասաց.

 

«Հասկանալի է, որ այդ միության կազմում գտնվող երկրները չունեն այն կուլտուրան՝ նմանատիպ բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար: Միության կազմում գտնվող ամեն մի երկիր իր ասելիքն է ասում, եթե նկատել եք, օրինակ, Բելառուսի նախագահը մի բան է ասում, հետո Ռուսաստանի նախագահի հետ վիճում է: Կարծում եմ, որ Եվրասիական տնեսական միությունն ապագայում, ցավոք, չի վերածվի քաղաքական կառույցի, քանի վիճակն այսպիսին է:

 

ԵԱՏՄ-ն չի կարողանում նաև տնտեսապես կայանալ, քանի որ վատ ժամանակ սկսվեց: Երբ որ մենք միացանք, գրեթե միաժամանակ սկսվեցին Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, իսկ առանց Ռուսաստանի տնտեսական հզորության, այդ կառույցը կայանալ չի կարող: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի տնտեսությունը թուլացել ու գնալով թուլանում է թե պատժամիջոցների պատճառով, թե նավթի գնի անկման, թե, ընդհանրապես, անհրաժեշտ տնտեսական վերաձևումները ժամանակին չանելու, երկրի տնտեսությունը հիմնականում նավթի ու գազի վաճառքից ստացվող միջոցների վրա կառուցելու: Այս ամենը, ինչպես նաև աշխարհի տնտեսական հետընթացը հանգեցնում են նրան, որ Ռուսաստանի տնտեսությունը թուլանում է:

 

Երկրները, որ միացել են ԵԱՏՄ-ին, տնտեսական այն օգուտները, որոնք ակնկալում էին, որոնք պետք է ստանային, նշածս հանգամանքների պատճառով չեն կարողանում ստանալ` առավել ևս, որ կա ռուսական ռուբլու և ամերիկյան դոլարի փոխարժեքի հետ կապված հարցը, ռուբլու փոխարժեքը երկու անգամ նվազել է: Դրա համար պարզ է, որ այդ կառույցը տնտեսապես չի կայանում, իսկ եթե տնտեսապես մինչև վերջ չի կայանում, դա անդրադառնում է անդամ պետությունների քաղաքական հարաբերությունների վրա, ինչը տեսնում ենք»:

 

Ըստ Արամ Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանը գնաց Մոսկվա, թե չգնաց' կարևոր չէ, հիմա մեզ համար ամենակարևոր խնդիրը հասնելն է նրան, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի, ու թեև դա, իրոք, բարդ խնդիր է, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատել:

 

«Դրան զուգահեռ,- շարունակեց մեր զրուցակիցը,- պետք է նաև աշխատել, որ համապատասխան քանակության և հզորության զենք, ռազմական տեխնիկա ձեռք բերվի նույն Ռուսաստանից, որպեսզի անհավասարակշիռ վիճակ չլինի: Ի՞նչն էր Ալիևին թև տվել… Ո՛չ իր զինվորը, որը նույնիսկ լավ զինված լինելով, չկարողացավ գրավել Արցախի բնակավայրերը, հետո նահանջեց, դիմեց փախուստի: Ալիևին թև էր տվել իր բանակի ռազմատեխնիկական հագեցվածությունը, որն, իր կարծիքով թույլ էր տալու արդիական զինատեսակների մեծաքանակ կիրառմամբ ճնշել մեր ուժերին: Հենց իմացավ, որ այդ նույն բանը մերոնք էլ նույն քանակությամբ ունեն ու դեռ մի բան էլ ավելի, այլևս չի համարձակվելու հարձակվել, թատերաբեմում ամեն ինչ միանգամից փոխվելու է: Ի դեպ, նույնը նաև Մեդվեդևն է ասել, որ զենքը միայն կրակելու համար չէ, այն զսպող գործոն է, միջոց է երկու կողմերին էլ զսպելու համար:

 

Ստեփանակերտին խփելուց առաջ, եթե վստահ լինեն, որ մենք էլ Բաքվին ենք կարողանալու խփել, հազար անգամ կմտածեն՝ խփե՞ն, թե ոչ:

 

Շատ կարևոր է, որ մենք լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ռուսական զենքերը, ռազմական տեխնիկան ձեռք ենք բերել և առաջիկայում էլ կարող ենք գնել Ադրբեջանի ձեռք բերածից շատ էժան: Այդ դեպքում ինչո՞ւ չենք գնում կամ ինչո՞ւ չգնենք Հայաստանին Ռուսաստանի տված 200 միլիոն դոլարի վարկի շրջանակից դուրս: Եթե նկատել եք, երբ ասում ենք՝ թալանած փողերը բերեք, զենք, ռազմական տեխնիկա գնենք, իշխանությունները լռում են: Շատ բան բացատրում, խոսում է, բայց հենց այդ հարցը տրվում է, լռում են, որովհետև փողերը պետք է բերեն տներից կամ բանկերից: Է, փողերը տարել են, էլ ո՞վ տներից և բանկերից կբերի: Եթե կոռուպցիան չլիներ կամ չունենար այն մասշտաբները, ինչ ունեցել և ունի, մենք հիմա բավական հզոր պետություն կունենայինք: Ես շատ աղաղակող փաստերի եմ տիրապետում, թե ինչ պետք է ունենայինք, բայց չունենք, ինչ են մեզ տարիներ շարունակ պատմել, բայց ռեալ մարտական գործողությունների ժամանակ ինչ է պարզվել, սակայն քանի որ ներկայիս հրադադարը հեղհեղուկ է, չեմ կարող խոսել այդ ամենի մասին: Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ»:

 

Արթուր Հովհաննիսյան