Այսուհետ, եթե որևէ մեկը համարձակվի բողոքել երկրում տիրող սոցիալական ծանր պայմաններից, համարելու ենք, որ նա պարզապես կա՛մ կույր է, որ զուտ ֆիզիկական տկարությունից ելնելով՝ անկարող է նկատել այն լույսն ու հույսը, որ 2015-ը բերեց իր հետ հայ ժողովրդի կյանքում, կա՛մ կասկածելու ենք օտար գործակալ լինելու մեջ, որ նպատակ ունի՝ մեր հասարակությունը ընկղմելու հոռետեսության անհատակ անդունդը: Կասեք՝ ի՞նչ է պատահել, որ ազգի դավաճաններ ենք սկսել փնտրել հասարակության շարքերում, մանրամասնենք. պարզվում է՝ ըստ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը, 2015 թվականի հունվարի համեմատ, գրանցել է ավելի քան 82% աճ: Փաստացի ստացվում է, որ արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան գրեթե կրկնապատկվել է:



Բոլորիս համար անակնկալ կերպով, սակայն, հանկարծ պարզվում է, որ ամեն բան այնքան էլ այդպես չէ, իսկ մեր հապճեպ որոշումը՝ ազգի թշնամիներ փնտրելու հասարակության շարքերում՝ մի փոքր վաղաժամ: Բանից պարզվում է, որ տնտեսվարողների ներկայացրած պատկերն ու նույն ԱՎԾ-ի՝ արտահանման վերաբերյալ տվյալները խոսում են բոլորովին այլ իրականության մասին:Մասնավորապես՝ այդպես էլ անհասկանալի է մնում, թե թվեր հրապարակելիս այս՝ արդեն իսկ հասարակության մի ստվար զանգվածի աչքում վարկաբեկված կառույցն ինչ սկզբունքներով է առաջնորդվել. մաքսային ծառայությունն այլևս չի հրապարակում Հայաստանի արտաքին առևտրի մանրամասն տվյալները, հետևաբար՝ հնարավոր չէ ուսումնասիրել, թե ինչ ապրանքներ ենք արտահանում որևէ երկիր: Որոշ փորձագետներ համոզված են, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան հասարակ թվանկարչություն, որ նպատակ ունի՝ մեր իրականությունը ծաղկեցնելու իշխանությունների համար այնքան սիրելի վարդագույնով: Մասնավորապես՝ նրանց դիտարկմամբ՝ անցած տարի արտահանման ծավալները նվազել են՝ 16.5 միլիոն դոլարից հասնելով 8.5 միլիոն դոլարի: Իսկ 2014 թվականի հունվարի համեմատ՝ արտահանման ծավալները 2016 թվականի հունվարին պակասել են մոտ 1 միլիոն դոլարով: Այս գահավիժման ֆոնին 2016 թվականի հունվարին արձանագրված աճը, ըստ մի շարք փորձագետների, պարզապես չէր կարող հասնել 82%-ի:



Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո Հայաստանը որևէ կերպ չի օգտվում միության ընձեռած որևէ հնարավորությունից: Փաստացի ստացվել է այնպես, որ այսօր Հայաստան են ներկրվում ռուսական պահածոներ, որոնք ավելի մատչելի են քան տեղական արտադրանքը և խոչընդոտում են երկրում գյուղատնտեսության զարգացմանը. էլ ո՞ւր մնաց աճը:

 

 

Հիմա մեզ մոտ մի հարց է ծագում. տեսնես Հովիկ Աբրահամյանին զեկուցե՞լ են այն ամենը, ինչ մենք շարադրեցինք վերևում, արդյոք գիտի՞ նա, որ ԱՎԾ վարքագիծը միայն վարկաբեկող էֆեկտ կարող է ուենալ հանրության շրջանում ու ստեղծել միանգամայն նեգատիվ տրամադրություններ Աբրահամյանի կողմից ղեկավարվող կառավարության նկատմամբ. տպավորություն է, թե ինչ-որ մեկը ցանկանում է մեզ համառորեն խաբել, պարզապես դա անում է այնպիսի միամտությամբ, որ անգամ«եփած հավի ծիծաղն է գալիս»:

 

 

Ակնհայտ է, որ նման բարբարոսական մեթոդները՝ տանելու քարոզչություն հասարակության շրջանում՝ «լավագույնը ես եմ» կարգախոսով, վաղուց սպառել են իրենց, դե իսկ «շոկոլադ ասելով մարդու բերանը չի քաղցրանում» աքսիոմատիկ ճշմարտությունը ևս դեռ ոչ ոք չի չեղարկել. պարոնա՛յք, ի գիտություն բոլորիդ՝ լավագույն PR-ն իրական գործերն են, այլ ոչ թե նկարած թվերը…



Դավիթ Բաբանով