Չենք խնայել մեզ, նահանջելու տեղ չենք ունեցել: Նայելով մարզվող տղաների աչքերին՝ վստահ էի, որ արդյունք կլինի: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
«41 պետություն էր մասնակցում, 236 մասնակից: Լարվածության մասով հավասար չէր աշխարհի առաջնությանը՝ հաշվի առնելով, որ դա մեր թիմի վերջին հնարավորությունն էր: Մինչ մրցումները երկու միջազգային մրցաշարի ենք մասնակցել և անհաջող: Հետո անցկացրել ենք ուսումնամարզական հավաք: Չենք խնայել մեզ, նահանջելու տեղ չենք ունեցել, նայելով մարզվող տղաների աչքերին՝ վստահ էի, որ արդյունք կլինի: Շնորհակալ եմ բոլոր տղաներին: Մեկի մոտ ստացվեց, մեկի մոտ՝ ոչ, բայց թիմը հաղթանակով վերադարձավ, կարող էինք ավելի լավ լինել: Բաչկովը կարող էր ուղեգիր բերել, ցավոք, չստացվեց: Գնալու ժամանակ օդանավակայանում ասեցի՝ գնում ենք մեր պատերազմին և հաղթեցինք մեր պատերազում. այն նվիրում ենք զոհված տղաներին: Եթե մրցումը Թուրքիայում չլիներ, միգուցե այդքան վարկանիշ չբերեինք, տարօրինակ է, բայց այդպես է»,- ասաց մարզիչը:
Անդրադառնալով ՀԲՖ-ի նախագահի հայտարարությանը՝ մարզիչն ասաց. «Պարոն Գևորգյանի հայտարարությունը կախված էր միայն անվտանգության հարցերից: Հետո մենք հանդիպել ենք ՀԱՕԿ նախագահ պարոն Ծառուկյանի հետ: Նա երաշխավորություն ունեցել է միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից, որ մեր անվտանգությունն ապահովելու: Շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին, ով ասաց՝ գնացեք, անվտանգությունը կլինի բարձր մակարդակով: Մրցավարությունը եղել է բարձր մակարդակով: Պետք է ասեմ, որ մեր տղաներից ոչ մեկի հաղթանակը չեն խլել: Միայն Բաչկովի դերն է եղել: Ֆեդերացիայի նախագահը միանշանակ գոհ է արդյունքից: Ռիոյից մեդա՞լ բերենք: Տղաների հետ ամեն ինչ էլ կարող ենք բերել»: