«Հայկական վերածնունդ» կուսակցության գործունեության, ՏԻՄ ընտրություններում իր մասնակցության և ապագա անելիքների մասին Mediamall.am-ը զրուցել է «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Hartak.am կայքի խմբագիր Կարեն Թումանյանի հետ:
-Պարոն Թումանյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդրանիկ համագումարից անցել է 2 ամիս: Այս ամիսների ընթացքում ի՞նչ քայլեր է նախաձեռնել ՀՎԿ-ն:
-Ինչպես գիտեք, կուսակցաշինությունն իրենից մի բարդ համակարգ է ներկայացնում, և այն մի ճանապարհ է, որը պետք է անցնել, թռչել ճանապարհի վրայով՝ անհնար է: Թերևս ուրախալին այն է, որ արդեն իսկ այսօր կարող եմ հպարտությամբ նշել, որ «Հայկական վերածնունդ»-ն այդ ճանապարհն անցնում է, շարունակում է քայլել հստակ քայլերով: Այստեղ մի քանի գործոն կա. Մեկը՝ առաջնորդի՝ Արթուր Բաղդասարյանի փորձառությունն է և քաղաքական հարթության մեջ նրա հմտությունը, մյուսը այն, որ «Հայկական վերածնունդ»-ի մաս է կազմել ավելի քան 170 հասարակական, քաղաքական միավորներ, որոնք նույնպես ունեն անցած ճանապարհ և, ինչպես ժողովուրդն է ասում՝ գիտեն որը որից հետո է: Հատկանշական է, որ օր օրի շատանում են կուսակցությանն անդամակցողների թիվը:
- «Հայկական վերածնունդ»-ն իր մասնակցությունն ունեցավ ՏԻՄ ընտրություններին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Մենք բազմիցս ենք նշել, որ ակտիվ մասնակցություն ենք ունենալու բոլոր ընտրություններին, լինեն թե հանրապետական, թե տեղական մասշտաբի: Ընտրությունը լրացուցիչ հնարավորություն է մարդկանց հետ ակտիվ շփումներ ունենալու, լսելու նրանց նրանց հուզող խնդիրների, հարցերի մասին և հնարավորինց այդ խնդիրների լուծմանը սատարելու: Պետք է նշեմ, որ նախընտրական այդ հանդիպումների արդյունքում բավականին հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունների համար թեմաներ են ի հայտ գալիս, ինչն էլ մենք առաջիկայում կփորձենք դարձնել օրենք: Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացմանը, ապա կարող եմ ասել, որ սա հերթական խայտառակ էջն էր մեր անկախ Հայաստանի ընտրական պատմության մեջ: Իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ շարժվում է պայմանական ռեֆլեքսներով և ամեն գնով հաղթելը իր համար սկզբունք է:
-«Հայկական վերածնունդ»-ը 2017 թվականին անցկացվելիք ԱԺ ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունի:
- Յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է իշխանության, և դա ինքնանպատակ չէ, այլ միտված է սեփական գաղափարները կյանքի կոչելուն: Այսօր Արթուր Բաղդասարյանի երևան բերած Հայաստանի վերածննդի մոդելն իրենից նոր գաղափարախոսություն է ներկայացնում: Մենք ունենք ու դեռ կունենանք շատ գաղափարախոսություններ, լինեն դրանք աջ ուղղությամբ, ձախ ուղղությամբ, աչքի ընկնեն լիբերալ հայացքներով, թե կոնսերվատիվ, սակայն դեռ հայ քաղաքականության մեջ չի եղել դեպք, երբ փորձ է արվում կյանքի կոչել ամբողջությամբ վերածնվելու գաղափարը: Խոսքը թե մարդկային արժեքների, թե Հայաստանում առկա բոլոր ենթակառուցվածքներին ու ոլորտերին է վերաբերում: Տեղին է նշել պարոն Բաղդասարյանի խոսքերը՝ մեզ անհրաժեշտ է հեղափոխություն, բայց, նապևառաջ, այդ հեղափոխությունը պետք է սկսենք մեզանից, այն պետք է իրականացնենք մեր ուղեղներում: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա պատասխանեմ մեկ բառով՝ ակնկալում ենք միայն հաղթանակ:
-Ապրիլյան պատերազմի օրերին «Հայկական վերածնունդ»-ը ունեցավ աջակցության իր մասնաբաժինը: Համառով պատմեք դրա մասին:
-Անսպասելի հարձակումից քիչ անց «Հայկական վերածնունդ»-ը գումարեց արտահերթ նիստ, և որոշում ընդունեց կուսակցության Ազատամարտիկների միության միջոցով կամավորական մի քանի ջոկատներ ուղարկել առաջնագիծ: Դրան հաջորդեց կանանց կամավորական ջոկատի ստեղծումը: Ինչ վերաբերում է նյութական օգնությանը, ապա այստեղ էլ մենք անմասն չմնացինք և անհրաժեշտ պարագաների և սննդի խմբաքանակներ ուղարկեցինք սահման: