ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև ապրիլի 25-ին կայացած հեռախոսազրույցի գլխավոր թեման դարձել է Սիրիան և այնտեղ հրադադարի ռեժիմի պահպանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրիֆինգի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությ ան ղեկավար Ջոն Քիրբին:

 

«Նրանք հեռախոսազրույց են ունեցել, որի մեծ մասը նվիրված էր Սիրիայում մարտական գործողությունների դադարեցմանը»,- ասել է նա, նշելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այս անգամ խոսել են նաև խռովարարների և Սիրիայի կառավարական ուժերի միջև հրադադարի պայմանների կատարման նկատմամբ «մշտական հսկողության» մասին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության ուղիների քննարկումը՝ ի շահ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, նրա բնակչությանը հումանիտար օգնությամբ ապահովման և քաղաքական կարգավորման կայուն գործընթացի գործարկման»:

 

Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: