Մեր պաշտոնյաները և քաղաքական գործիչները միջազգային քաղաքականությունում հաճախ են իրենց թույլ դրսևորում, չեն կարողանում գոնե այնպես արտահայտվել, որ հետո մենք չամաչենք դրա համար: Եվ հաճախ փորձում են դա արդարացնել՝ ասելով իբրև թե դիվանագիտական լեզուն այդպես է պահանջում: Դա, իհարկե, արդարացում չէ, բայց գոնե մասամբ հասկանալի կլիներ, եթե այդ դիվանագիտական լեզվին իսկապես տիրապետեին: Իսկ այդ լեզվին տիրապետողը հաստատ իր երկրի խորհրդարանում չէր կանգնի ու ազատագրված շրջանները չէր անվանի «գրավյալ» տարածքներ: Եթե նման լեզվի սայթաքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը թույլ է տալիս հայրենի խորհրդարանում, ապա ի՜նչ լեզվի սայթաքումներ կարող է թույլ տալ միջազգային հարթակներում, մանավանդ որ նա ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ ԵԽԽՎ մեր պատվիրակության ղեկավարն է...
Ես, իհարկե, Հերմինե Նաղդալյանի ելույթի մյուս դրվագները չեմ էլ ուզում նույնիսկ մեկնաբանել, որովհետև առանց մեկնաբանելու էլ ամեն ինչ պարզ է՝ նման ելույթ պարզապես չպետք է լիներ: Միայն մեկ արտահայտությունն էլ հերիք է հիմնավոր կարծիք կազմելու համար, միայն երևույթը հերիք է՝ հայ պատգամավորն ազատագրված տարածքները համարում է «գրավյալ»: Միգուցե հարկ է հիշեցնե՞լ տիկին Նաղդալյանին, որ նշված շրջանները «գրավյալ» են ադրբեջանցիների համար, բայց ոչ հայերիս:
Կարեն Վարդանյան