«Օլիմպավանում» կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՀԱՕԿ փոխնախագահները և մինչ այս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկները:

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Վերջինս ներկայացրեց Ռիո-2016-ի համար կատարված և կատարվելիք աշխատանքները: Ներկաներին ողջունեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.

 

«Անհրաժեշտ է կազմակերպված, հետևողականորեն գործել, քանի որ մեծ ակնկալիքներ ունենք Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից։ Պետք է Ռիոյում մեր մարզիկները պատվով ներկայացնեն մեր պետությունը: Մինչ այսօր արվածը մեզ հանգիստ նստելու և սպասելու իրավունք չի տալիս։ Ես շատ լավ գիտեմ մեր յուրաքանչյուր օլիմպիականի հնարավորությունների սահմանը: Անկասկած, ամեն ինչ անելու ենք ոսկե մեդալներ նվաճելու համար»,- շեշտեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Ամփոփ զեկույցներով հանդես եկան նաև մինչև օրս օլիմպիական ուղեգրեր նվաճած հավաքականների մարզիչները:

 

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լսեց բոլոր մարզիչներին և վստահեցրեց, որ Ռիո-2016-ին նախապատրաստվելու ընթացքում ոչ մի հավաքական և մարզիկ որևէ խնդիր չի ունենա:

 

ՀԱՕԿ նախագահը ողջունեց և քաջալերեց մարզիկներին՝ նրանցից ակնկալելով ամենաբարձր արդյունքները:

 

Հանդիպման վերջում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվեց ուղեգիր նվաճած հայ մարզիկների հետ:

 

Մանրամասները՝ տեսանյութում