ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ելույթ ունենալով Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 5-րդ կոնֆերանսում, արձանագրեց, որ «չի նվազում Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը»: Դա լուրջ անհանգստություն է հարուցում նախ և առաջ Մինսկի խմբի համանախագահ երկրներում, որ փորձում են լրացնել ապրիլի սկզբին շփման գծում եռօրյա արյունալից կռիվներից հետո ձևավորված վակուումը: ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Հիմա առաջնահերթ խնդիրն իրավիճակը հանդարտեցնելը և նոր ագրեսիա թույլ չտալն է»: Այդ մասին REGNUM-ում գրում է Ստանիսլավ Տարասովը:

 

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ևս մեկ անգամ ընդգծեց, որ «Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է ցանկացած բռնություն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շփման գծի երկայնքով» և «հնարավորինս արագ ցանկանում է խաղաղ գործընթաց տեսնել»: Հենց դա է գլխավոր խնդիրը: ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կարծում է, որ «լարվածության բռնկումը կոնֆլիկտի գոտում կողմերի ուղիղ երկխոսության գործընթացը խիստ հետ նետեց» և «այս պահին ռեալ են միայն հակամարտող կողմերի զինվորականների շփումները՝ Ռուսաստանի միջնորդությամբ»: Ավելի վաղ Բաքվի ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ հրադադարից հետո Կրեմլը իբր նախապատրաստում է իր միջնորդությամբ կամ իր մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Սակայն Մոսկվան այդ սցենարի գոյությունը հերքեց:

 

Այս ուղղությամբ ևս մի հանգույց է կապվում: ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներն արդեն եղել են տարածաշրջանում և սպասվում է, որ նրանք առաջիկայում զեկույց կներկայացնեն Վիեննայում իրենց հետագա գործողությունների մասին: Ձևականորեն Բաքուն ու Երևանը դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հաղթահարման բանակցություններից, որոնց հիմքում Մադրիդյան նորացված սկզբունքներն են: Բայց փաստացի ադրբեջանական կողմը ձգտում է բանակցային օրակարգը փոխել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Խաղաղության հաստատումը և ահաբեկչության վերացումը» թեմայով քննարկման ժամանակ (ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ալյանսի VII գլոբալ ֆորումում) նշել է. «Մեզ ասում են՝ շարունակեք բանակցությունները, դուք 25 տարի բանակցել եք, մի 25 տարի էլ բանակցեք», «նաև ասում են՝ պրոբլեմը ինքներդ լուծեք»: Նրա խոսքով՝ «հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի հիման վրա»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը Ղարաբաղի հարցով, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության դաշտից դուրս են: Բաքվի ընտրած՝ քննարկման կոնկրետ թեմայի նենգափոխման դիվանագիտական մեթոդիկայով անարդյունք բանակցություններ կարելի է վարել ևս 100 տարի:

 

«Մենք չենք կարողանում հասկանալ Հայաստանի տրամաբանությունը: Մի կողմից՝ Հայաստանը հայտարարում է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, մյուս կողմից՝ հայտարարում է բանակցային գործընթացից դուրս գալու մասին»՝ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ ի՞նչ կա հասկանալու: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Երևանի վերադարձը խաղաղ բանակցություններին հնարավոր է միայն անվտանգության երաշխիքների առկայությամբ», քանի որ «հիմա բացարձակապես այլ իրավիճակ է»: Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ճշտեց, որ «Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմնակից է բացառապես բանակցություններով, հարցի խաղաղ ճանապարհով լուծման»: Այնուհանդերձ, Բաքուն բացահայտորեն խեղաթյուրում է իրադարձությունները ու պնդում հակառակը: Ավելին՝ այդ թեզի վրա կառուցում է սուր սյուժեով քաղաքական ինտրիգ: Վերջերս վերստին ակտիվացած, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «արտաքին քաղաքական ասպարեզում նախագահ Սարգսյանը փորձում է Վաշինգտոնին օգնության կանչել և թույլ չտալ Մոսկվային լուծել ճգնաժամային դիվանագիտական հարցերը, որ անհրաժեշտ է խաղաղ գործընթացը վերսկսելու համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների ինտենսիվ ու շոկային օրերից հետո»:

 

Այդ վարկածը որսաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր բացահայտ սադրիչ հայտարարությամբ. «Այս կոնֆլիկտում Ադրբեջանը և Իլհամ Ալիևը ուժ են հավաքում: Ռուսաստանն ամբողջությամբ չի աջակցում Հայաստանին: Համենայն դեպս՝ բացահայտ չի աջակցում, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերությունները շահավետ են: Եթե այսօր նրանք չեզոք դիրք ունենան Ադրբեջանի վերադարձրած տարածքների հարցում, Հայաստանին սարսափ կպատի»: Սակայն ադրբեջանական Քաղաքական տեխնոլոգիաների ու ինովացիաների ոչկառավարական կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն հակառակը՝ պահանջել է, որ «ՌԴ ԱԳՆ-ն հեռացվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացից»՝ «այդ իրավասությունները պետք է տրվեն հատուկ խմբին, որ պետք է ձևավորվի ՌԴ նախագահի աշխատակազմում»: Ահմեդօղլուն իր պահանջը կապում է «այն ստորացուցիչ վիճակի հետ, որի մեջ Լավրովը դրեց ՌԴ պաշտպանության նախարարությանը»:

 

Ինչո՞ւ: Պարզվում է՝ «Սերգեյ Լավրովը, հազիվ ինքնաթիռի շարժասանդուղքից իջած՝ Երևանում հայտարարեց, որ 1994-ի և 1995-ի հրադադարի համաձայնագրերն անժամկետ են և ընդունված միջազգային հանրության կողմից», մինչդեռ «Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարարության մասնակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածությունը երկկողմանի է»՝ այսինքն՝ առանց Ստեփանակերտի մասնակցության: Երբ Լավրովը հիշեցրեց 1990-ականների պայմանագրերը, նա, Ահմեդօղլուի մեկնաբանությամբ, չեղարկեց «2016-ի ապրիլի 5-ի հրադադարի բանավոր համաձայնությունը»՝ խաղալով «համաշխարհային հայության» կողմից և հարված հասցնելով «կոնֆլիկտի կարգավորման Պուտինի առաջարկած ծրագրին»:

 

Ցավոք, տեղեկատվական այս պարզունակ կարուսելը, որ Բաքուն կառուցել է ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ ուղղահայացով դուրս գալով Կրեմլի, իսկ հորիզոնականով՝ Երևանի վրա, ստեղծում է մի մթնոլորտ, որում դժվար է բանակցային գործընթաց սկսել: Այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կամք գործադրեն լուծելու շփման գծում վերահսկողության մեխանիզմների ստեղծման հարցը, որպեսզի հնարավոր լինի անցում կատարել ուժի չկիրառման փաստաթղթի պատրաստմանը: Քանի դեռ գործը մեծ պատերազմի չի հասել: