ԱՄՆ-ում գործող և Հայրենիքի հետ սերտ կապեր հաստատող «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական մոտոակումբն իր գործունեության 3 տարվա ընթացքում դրսում միշտ իրականացրել է տարբեր ակցիաներ, Հայրենիքին օգնություններ ուղարկել, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության լոբբինգով զբաղվել և այլն։ Այս օրերին ևս, երբ Արցախի սահմանին իրավիճակը լարված է, երբ թշնամին ամեն հարմար առիթ օգտագործում է սադրանքների դիմելու համար, սփյուռքում գործունեություն ծավալող այս մոտոակումբը ևս սկսել է ակտիվ պայքարն ԱՄՆ-ում։

 

Երեկ ակումբի անդամներն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին, այրեցին այդ երկրի դրոշը և քաղաքակիրթ մարդկությանը հիշեցրեցին՝ հայ մարդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր Հայրենիքի կողքին է։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական մոտոակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանն ԱՄՆ-ից մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք առաջիկայում ավելի են ուժեղացնելու, ավելի ակտիվ են գործելու։

 

«Ես՝ Հարութ Բոգարյանս, ARMENIAN BRIGADE մոտոակումբի փոխնախագահս, վստահեցնում եմ, որ սփյուռքն ուժեղ է հայրենիքով։ Ժամանակն է տեսնել և հասկանալ, որ հայ ազգը հզոր ու ուժեղ է իր միասնությամբ։ Մեր մոտոակումբի անունից մեր կռվող տղերքին ուզում եմ ասել՝ ուժեղ եղեք, տղերք, ձեր ցավը տանենք, միշտ ձեր հետ ենք, պատրաստ ենք նաև ֆիզիկապես լինել ձեր կողքին։ Իսկ թե ինչու հենց Թուրքիայի դեսպանատան դիմաց, ասեմ՝ հենց Թուրքիան է դուխ տալիս ադրբեջանցիներին, դրանք էլ ոգևորված ոչխարների նման փորձում են մոտենալ մեր սահմաններին»,- ասաց Հարութ Բոգարյանը և հավելեց՝ իրենց են միացել մի շարք այլ մոտակումբներ իրենց անդամներով՝ թե՛ հայ, թե՛ այլ ազգի։ Բոգարյանը վերջում ավելացրեց՝ առաջիկայում պատրաստվում են ավելի հզոր բողոքի ակցիա իրաիկանացնել, սակայն մանրամասները վերջնական հստակեցնելուց հետո կներկայացնեն։

 

Հիշեցնենք՝ անցած տարի ապրիլի 24-ին մոտոակումբի անդամները Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստանում էին։ 

 

Քրիստինա Աղալարյան