Աշխարհում շարունակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթարշավը: Այսպես՝ ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, մայիսի 4-ին ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանության փաստը: Ինչպես հայտնում են նահանգի պաշտոնական աղբյուրները, Համապատասխան հռչակագիր է ընդունել Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, ով 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել է նահանգում ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս: Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ և կես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների և ասորիների սպանությունը, ինչպես նաև մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը, նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում, մասնավորապես, նշում է. «Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաև բոլոր անցյալի և ներկայի ցեղասպանությունները, մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»:



Ինչ խոսք, միայն ցնծալ կարելի է այս լավ նորությամբ ու ևս մեկ անգամ փաստել, որ այնպիսի առաջադեմ երկիր, ինչպիսին ԱՄՆ է, հավատարիմ մնալով համամարդկային արժեքներին ու նախագահ Օբամայի կողմից որդեգրած զգուշավոր, բայց այս հարցում, այնուամենայնիվ, հայանպաստ քաղաքականությանը, իր ազդեցիկ խոսքն է շարունակում ասել այս կարևորագույն հարցում՝ ապացուցելով, որ արդարությունն ու ճշմարտությունը չեն կարող հավետ անտեսված մնալ: Եթե փորձենք հարցն այս դիտարկել քաղաքագետի աչքերով, պետք է անպայմանորեն ամրագրենք նաև այն, որ չնայած Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական ընդհանրություններին՝ Ամերիկան, կարծես հակառակ գնալով սեփական շահերին, փորձում է Էրդողանին հասկացնել տալ, որ թուրք-ամերիկյան համագործակցությունը չի կարող կայանալ ի հաշիվ ճշմարտության և որ ԱՄՆ այնքան ազդեցիկ է ու անկախ, ուր ինքն է բացառապես որոշում՝ ինչպես վարվել այն հարցերում, որոնք վերաբերում են երրորդ կողմին, այս պարագայում՝ հայերին:



Իհակե, չի կարելի բացառել նաև այն, որ իրականում ամերիկյան հերթական նահանգի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ կենտրոնական իշխանությունները փորձում են գրգռել Բաքվին ու Անկարային, որպեսզի վերջիններս է՛լ ավելի այլայլվեն, դուրս գան ինքնատիրապետման շրջանակներից ու անեն քայլեր, որոնք կարող են թանկ նստել ԱՄՆ մրցակիցների՝ մասնավորապես՝ Ռուսաստանի վրա՝ վերջինիս դեմ կովկասյան ճակատի բացման առումով, սակայն ցանկանում ենք հավատալ, որ գոնե Ցեղասպանության ճանաչման հարցում դիվանագիտական խաղերը, առնվազը ներկա փուլում, մղվել են երկրոդական պլան, ու փաստի ֆիքսումը պայմանավորված է բացառապես բարոյական սկզբուքներին հավատարիմ լինելու Վաշինգտոնի ցանկությամբ: Անշո՛ւշտ, ցանկացած հարցում բացառել որևէ մեկի ազգային շահերի դիտարկումը որպես գերնպատակ, ոչ ոք չի կարող, բայց և պնդել, թե ամեն ինչում պետք է տեսնել լոկ գերտերույունների քաղաքական չոր հաշվարկները,ևս ճիշտ չէր լինի. վերջիվերջո, ամեն բան չէ, որ անհարկի շահարկման առարկա կարող է դառնալ, ամեն բան չէ,որ կարող է վերածվել մանրադրամի…

 

 

Դավիթ Բաբանով