Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները չեն սկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում շփման գծում, հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ սպասվո՞ւմ են նոր ռազմական գործող ություններ, թե՞ ոչ: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց, իսկ այս պահին ես չեմ կարող խոսել Ադրբեջանի հետագա ծրագրերի մասին: Փաստն այն է, որ հայկական կողմը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմն Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք էր: «Նրանք ձախողվել են: Այս պահին մենք տեսանք, Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջազգային հանրությունը մշտապես խոսել են զենքով խնդրի լուծման անթույլատրելիության մասին: Հիմա, թե ինչ կլինի, չեմ կարող ասել: Մենք պարզապես պետք է հստակ իմանանք, որ ռազմաճակատում և դիվանագիտական դաշտում պետք է լինենք ուժեղ ու միասնական»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա նկատեց որ Հայաստանը պատրաստ է վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, եթե կատարվեն այն երեք նախապայմանները, որոնց մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Շարմազանովը նկատեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր վերջին հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը կողմ է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը և հայտարարել է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Այս դեպքում Սերգեյ Լավրովը խոսել է ոչ թե միայն որպես Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի մոտ դրական արձագանք են ստացել մեր նախապայմաններից առնվազն երկուսը, իսկ եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների հայտարարություններն ԼՂ հակամարտության վերաբերյալ համըկնում են, ապա կարող ենք ասել, որ մեր առաջարկներն դրական ընկալում են գտել Մինսկի խմբի համանախագահ երկրների համար»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության մասին համաձայնագրին, ինչի մասին խոսել է ՀՀ Նախագահը: Նա նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Երբ կավարտվեն այդ աշխատանքները, և ամեն ինչ պատրաստ կլինի, մենք դա կիրականացնենք»,- եզրափակեց Շարմազանովը: