2016 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 09.30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկում ընկած տղամարդ կա։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում՝ բնակելի շենքի երրորդ հարկի աստիճանահարթակում, մեջքի վրա ընկած, հայտնաբերվել է 1958թ.ծնված Սամվել Հարությունյանի դիակը՝ բռնության հետքերով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում է կայացվել՝ Սամվել Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու սպանության հանգամանքները, շարժառիթը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Սամվել Հարությունյանն այցելել է նշված շենքում բնակվող իր ծանոթին, որտեղ վերջինիս և նրան հյուր եկած Ա.Խաչատրյանի հետ օգտագործել են ոգելից խմիչք:
Կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ա.Խաչատրյանը ձեռքերով և ոտքերով հարվածել է Սամվել Հարությունյանին: Ժամը 23.00-ի սահմաններում Սամվել Հարությունյանին դուրս է հանել բնակարանից և թողել չորրորդ հարկի աստիճանահարթակում։ 2016 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, տանտերը և հյուրընկալված Ա.Խաչատրյանը հեռացել են, որի ընթացքում երրորդ հարկի աստիճանահարթակում նկատել են Սամվել Հարությունյանին՝ գետնին անշարժ պառկած, ու հեռացել:
Ա.Խաչատրյանը ձերբակալվել է, հայտնաբերվել և հարցաքննվել է նաև տանտերը։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։