«Ռ-Էվոլյուցիա» հաղորդումը հյուրընկալել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:

 

Հարցազրույցի ընթացքում Լևոն Մնացականյանն ասում է, որ վերջին գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է 14 անօդաչու թռչող սարք: Հիմնական խոցումն իրականացվել է խոշոր տրամաչափի գնդացրային, հրաձգային զենքերից, իսկ որոշ անօդաչու թռչող սարքեր նաև ՀՕՊ համակարգերի միջոցով:

 

«Դա հնարավորություն է տվել մեկ անգամ ևս ապացուցել Ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ այդ ուղղությամբ ևս մեզ մոտ համապատասխան աշխատանքներ տարվում են, մոտ օրերս ևս միջոցներ ենք փորձարկել նման անօդաչու թռչող սարքերի խոցման համար և փորձարկման արդյունքները հույս են ներշնչում, որ հաջորդ անգամ այդ 14-ը լինելու է 28, կամ էլ ավելի: Այսինքն, մեր օբյեկտներն անօդաչու թռչող սարքերից ավելի պաշտպանված են լինելու, հակաօդային պաշտպանության արդյունավետության ապահովումը մի քանի անգամ բարձր է լինելու»,- ասաց Լևոն Մնացականյանը:

 

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է հայկական կողմը հարված հասցնի Ադրբեջանի նավթահորերին, Լևոն Մնացականյանն ասաց, որ հնարավոր է և կարող ենք, բայց մենք պարզապես նավթահորերի վրա հարվածելու անհրաժեշտություն չենք տեսնում: «Մեր ծրագրերում չկա, մեր ծրագրերում հիմնականում ռազմական օբյեկտներն են, մենք հենց դրանով էլ տարբերվում ենք մեր հակառակորդից»: