Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերին: Այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց: Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին: Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում:

 

Մայիսի 11-ին՝ ժամը 13:30-ին, Երևանում պատրաստվում են երթ իրականացնել դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ այս նախաձեռնությամբ իրենց աջակցությունը հայտնելով հայազգի պատգամավորին, ով իր կյանքը վտանգի տակ դնելով՝ Թուրքիայում խոսում է հայերի դեմ ցեղասպանության, հայապահպանության մասին:

 

«Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա: Այդ իսկ պատճառով մենք դիմելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

 

Նախաձեռնության անդամները նամակ կհանձնեն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին, սակայն, մինչ նամակի հանձնումը, տեղի կունենա բողոքի ակցիա: Նամակի բովանդակությունը լինելու է հետևյալը՝ ՄԱԿ-ին պետք է հիշեցնել իր իսկ առաքելության մասին ու ստիպել, որ իր անդամ պետություններն էլ ընդունեն ու իրականացնեն այն պայմանները, որոնք պարտավորվել են կատարել:

 

Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ «Ես Կարոն եմ» պաստառներով: