Քառօրյա պատերազմից հետո տարածաշրջանում հաստատված համեմատական խաղաղաությունը կարող է ավելի փխրուն գտնվել, քան ընդունված էր կարծել նախկինում. արտաքին աշխարհից եկող ազդակները հուշում են, որ նոր ու լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կարող է ամենևին էլ հեռու ապագայի խնդիր չլինել: Պուտինի չկայացած այցը՝ Բաքու, ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Թոմաս դե Վաալի հնչեցրած կարծիքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ առայժմ ծրագրված չէ Բրյուսելում համանախագահների հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանցիների կողմից անգամ Նախիջևանում իրականացվող զորքերի կուտակումները հուշում են, որ իրավիճակը լուրջ է, իսկ նոր պատերազմի վերսկսումը՝ ամիսների հարց:



Հիմա կփորձենք առանձին-առանձին դիտարկել վերոհիշյալ ազդակները՝ հասկանալու համար ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների բնույթը: Նախ՝ Պուտինի չկայացած այցի մասին. եթե հիշում եք, նրա՝ Բաքու կատարելիք այցի մասին լուրեր սկսեցին շրջանառվել բոլորովին վերջերս, ու շատերն էլ գոնե Հայաստանում լիահույս էին, որ Պուտինը, այնուամենայնիվ, որոշել է մի փոքր ձգել Ալիևի ականջներն ու զսպել նրա ախորժակը՝ հետ պահելով բեղավորին հերթական ռազմական արկածախնդրությունից: Ցավոք, ինչպես տեսանք բոլորս, ամենաազդեցիկ մարդու այցը հետաձգվեց անհայտ ժամանակով ու անհայտ պատճառներով:



Հաջորդ՝ ոչ պակաս խոսուն ազդակը կամ մեսիջը եկավ Նոր աշխարհից. Թոմաս դե Վաալը, ով երբեք իր «խոսքերը քամուն չի տալիս», իր իսկ հեղինակած հոդվածում համոզմունք էր հայտնել, որ Բաքուն պատերազմը կսկսի այս տարվա ամռանը՝ իր համար այդքան ցանկալի Ֆորմուլա 1-ից հետո. իր կարծիքը նա հիմնավորել էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, որոնք, ըստ նրա, անխուսափելի են դարձնում տարածաշրջանային արյունահեղությունը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ առայժմ ծրագրված չէ Բրյուսելում համանախագահների հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, միայն հաստատում են հնչեցրած թեզի ճշմարտացիությունը:



Բայց այս ամենի վրա, թերևս, հնարավոր կլիներ աչք փակել, եթե չլիներ մեկ կարևորագույն հանգամանք ևս. հատկապես վերջին օրերին ադրբեջանական կողմից նկատվում է սահմանամերձ շրջաններում զորքերի մեծ կուտակումներ, այդ թվում՝ ՀՀ հետ Նախիջևանի սահմանին, ինչը աներկբա վկայությունն է այն բանի, որ արկածախնդիր Ալիևը ակտիվորեն պատրաստվում է մարտական գործողությունների երկրորդ ու ավելի մասշտաբային փուլին, ինչը կարող է մեկընդմիշտ թաղել Անդրկովկասում խաղաղություն հաստատելու բոլոր հույսերը. հայտնի չէ, թե հավանական պատերազմն ինչով կավարտվի ու քանի երկիր կարող է միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը (հայտնի թեզերից մեկն էլ այն է, որ Արևմուտքը ցանկանում է բախում հրահրել Անդրկովկասում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, որին հասնելու համար ղարաբաղյան հակամարտությունն իսկական նվեր է օտարերկրյա ստրատեգներին):

 

 

Թե ինչով կավարտվի այս ողջ «կաշամալան», թերևս կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց որ դեռևս վաղ է խոսել խաղաղության մասին, ակնհայտ է. աշխարհի մեծերի պլանները միանգամայն հակառակ են խաղաղություն հատատելու՝ հայկական կողմի ձգտումներին:



Դավիթ Բաբանով