Իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասում էր, թե Արցախի անկախությունը ճանաչելու հարցում միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը... Իսկ մի՞թե ԱՄՆ-ն չի մտնում այդ միջազգային հանրություն ասվածի մեջ: Ես կասեի՝ ոչ միայն մտնում է, այլ նաև ԱՄՆ-ն այդ նույն միջազգային հանրության մի զգալի մասի մոտ կարծիք ձևավորողն ու թելադրողն է հանդիսանում, և հենց ԱՄՆ-ն էլ Արցախի անկախության հարցում չի կիսում մեր կարծիքը, չի կիսում ու այդ մասին արդեն ասել է:

 

Այսպես, հավասարության նշանների մեծն սիրահար, համատեղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայկական լրատվամիջոցներից մեկին ասել է, թե ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և Արցախի կարգավիճակի հարցը պիտի լուծվի հիմնախնդրի համակողմանի լուծման շրջանակում: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն փաստացի դեմ է Արցախի անկախության ճանաչմանը, որովհետև Ուորլիքի կողմից «հիմնախնդրի համակողմանի լուծման շրջանակում» ասվածը նշանակում է, որ պետք է շարունակել մնալ նույն մադրիդյան սկզբունքների շրջանակում, որտեղ իրար հակասում են ազգերի ինքնորոշման ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականութուն» կոչվող սկզբունքները, այսինքն' այս հարցի լուծումը չի երևում, համենայն դեպս ԱՄՆ-ին առայժմ այդպես է պետք: Ես ասում եմ' ԱՄՆ-ին, որովհետև չեմ կարծում, թե Ուորլիքն իր վրա պատասխանատվություն կվերցներ հայտնելու ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը չհամապատասխանող կարծիք:

 

Այսպիսով, միջազգային հանրությունը բնավ էլ չի կիսում մեր կարծիքը, որովհետև դա նախ չի ուզում ԱՄՆ-ն, հետևաբար քիչ հավանական է, որ Եվրոպան էլ կկիսի մեր կարծիքը, Ռուսաստանն էլ, գիտենք, որ շարժվում է միմիայն սեփական շահերով, որոնք երբեմն բախտի բերմամբ կարող ենք համընկնել մեր շահերի հետ, կարող են նաև հակասել:

 

Ընդհանուր առմամբ, այս ամենը նորություն չէր և մենք միջազգային հանրության վերաբերմունքը չենք մոռացել, պարզապես մեր ղեկավարներն են հաճախ մոռանում և իրականության չհամապատասխանող նման հայտարարություններ անում:

 

Կարեն Վարդանյան