Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանեց այն հարցին, թե ինքը հավատո՞ւմ է, որ հնարավոր է՝ Հայաստանը միջուկային զենք ունենա:

 

Նշենք, որ այդ մասին հայտարարել էր նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը.

 

«Եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր հասանելի չլինել բոլորին: Հավատում եմ նրա խոսքերին»,- ասաց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը եղել է միջուկային տերության մաս, և թե ինչպես է բաշխվել այդ ամենը, դեռևս դրա հետ կապված անհայտ պատմություններ կան:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` պատգամավորը չի կարծում, որ Հայաստանի միջուկային զենք ունենալու փաստը կարող է վտանգավոր լինել մեր երկրի համար. «Թող գան, ստուգեն, բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են»,-շեշտեց պատգամավորը: