Այսօր կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը որդեգրում է ավելի կոշտ քաղաքականություն։ Ի թիվս այլ հարցերի, Աբրահամյանը հայտարարեց, որ պետական ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ։
«Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկն ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ և նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական և էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին»,- մանրամասնեց վարչապետը։
Կառավարության սկսած պայքարի երկրորդ ուղղությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է. «Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք: Առաջինը՝ կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում: Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ: Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»։
Հ. Աբրահամյանը, ըստ էության, խոստովանեց, որ իրենց կառավարման համակարգը չի կատարել իր առջև դրված խնդիրները և սոցիալական լարվածությունը հասել է գագաթնակետին. «Որպես գործադիր իշխանության ղեկավար՝ ես ամբողջությամբ գիտակցում և հասկանում եմ, որ վերը հնչեցված բոլոր լուծումները արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չկարողնանք ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ: Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը: Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունն ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը»։
Աբրահամյանի այս քայլը շատ հանգամանքներով է պայմանավորված։ Կամ նրա առջև խնդիր է դրված ապահովել տնտեսական աճ, որը նա խոստացել էր, բայց այդպես էլ չկարողացավ իրականացնել, կամ իշխանությունները հասկացել են՝ սոցիալական լարվածությունը հասել է գագաթնակետին և պայթյունն անխուսափելի է։ Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ իր հերթին բացահայտեց այնպիսի երևույթներ, որոնք մինչ այսօր կամ նկատելի չէին կամ խնամքով թաքցվում էր։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, լուրջ խնդիր ունեն՝ հասարակության զայրույթը մեղմելու և առաջիկա ընտրություններում որոշակի «հաջողություն» գրանցելու։ Չնայած, պետք է փաստել, որ այս իշխանություններն արդեն երկիրը վաղուց են կործանել են և հույս ունենալ, որ որևէ բան նրանց օրոք կփոխվի, այնքան էլ իրատեսական չէ։