Apple ընկերությունը վեցերորդ անգամ անընդմեջ Forbes-ի վարկածով գլխավորել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հրատարակության կայքում:
Հանդեսի տվյալներով՝ Apple բրենդի արժեքը տարվա ընթացքում աճել է 6 տոկոսով եւ կազմել 154,1 մլրդ դոլար:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Google ընկերությունը, որի բրենդի արժեքը գնահատվում է 82,5 մլրդ դոլար, ինչը 26 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Երրորդ տեղում հայտնվել է Microsoft կորպորացիան, որի բրենդն արժե 75,2 մլրդ դոլար:
Նաեւ ամենաթանկ բրենդների հարյուրյակում տեղ են գտել Coca Cola-ն, Facebook-ը, Toyota-ն, Disney-ը, Samsung-ը, Starbucks-ը, H&M-ը եւ ուրիշներ:
Վարկանիշում ամենից շատ են ամերիկյան ընկերությունները՝ 52: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում են գերմանական ֆիրմաները (11), երրորդում՝ ճապոնական ընկերությունները (8):
Forbes-ի վարկածով՝ մյուսներից առավել շատ աճել է Facebook բրենդի արժեքը՝ 44 տոկոսով: Ամենից շատ ընկել է IBM-ի արժեքը՝ 17 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: