Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ/EBU) և Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խմբի կողմից «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում, ուղիղ հեռարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի դրոշի հայտնվելը խստորեն դատապարտելը, Ռեֆերենտ խմբի կողմից Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տրված նախազգուշացումը ու կատարած մյուս քայլերը վարկաբեկում են հենց Եվրոպական հեռարձակողների միությանը և նշված խմբին, քանի որ նրանք դրանով ցույց են տվել, որ ինչպես Եվրոպան ընդհանրապես, իրենք ևս առաջնորդվում են երկակի չափանիշներով:

 

 

Ավելին. ԵՀՄ-ն և Ռեֆերենտ խումբը չեն բավարարվել միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը խստորեն դատապարտելով ու նախազգուշացնելով առ այն, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունն իրեն կդնի որակազրկվելու, այս ու հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից զրկվելու ռիսկի առաջ (ինչպես նշված է ԵՀՄ պաշտոնական հայտարարության մեջ, ««Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի ընթացքում կանոնների ցանկացած այլ խախտում կարող է պատճառ դառնալ Հայաստանին որակազրկելու կամ հետագայում մասնակցությունը շարունակել թույլ չտալու համար»): Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացումից բացի, ինչպես ԵՀՄ-ն տեղեկացրել է իր պաշտոնական էջում հրապարակած հայտարարությամբ, միջադեպի պատճառով «զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարելու Հայաստանի պատվիրակության նկատմամբ»:

 

 

«Զրոյական հանդուրժողականության քաղաքականություն»-ը նշանակում է անհանդուրժողականության կամ ծայրահեղ անհանդուրժողականության քաղաքականություն: Եվ սա հայտարարում է հանդուրժողականությունից այդքան ճամարտակող, իր շահերին ու նպատակներին ծառայեցնելու մտադրություն ունենալու դեպքերում հանդուրժողականությունը բացարձակ արժեք սարքող Եվրոպայի հայտնի և Հին աշխարհամասում բավական հեղինակավոր կառույցներից մեկը: Վերը նշվածն էլ կարծես քիչ համարելով, Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը որոշել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ (պատժամիջոց էլ չէ, պատժամիջոցներ…) կիրառել, որոնց բնույթի մասին հաղորդվելու է հունիսին կայանալիք Ռեֆերենտ խմբի հերթական հանդիպման ժամանակ:

 

 

Միանգամայն իրավացի է սոցցանցի օգտատերերից Լուպչո Նեչովսկին, որը ԵՀՄ-ին ամոթանք տալուց առաջ գրել է.
«ԵՀՄ-ն պարբերաբար երկակի ստանդարտներ է կիրառում Եվրոպական հեռարձակողների միության անդամ տարբեր երկրների նկատմամբ: Կարծում եմ՝ նրանք արդեն վաղուց կորցրել են վստահելիությունը որևէ միջազգային միջոցառում կազմակերպելու հարցում»:
Սակայն այս ամենից զարմանալ պետք չէ. գաղտնիք չէ, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթները ու դրանց կազմակերպումը վաղուց դադարել են ճշմարիտ երգարվեստին ծառայել ու վերածվել են քաղաքականության իրականացման գործիքի:
Զարմանալ պետք չէ, եթե նկատի ունենանք նաև, որ սա այն Եվրոպան է, որը, երբ իրեն պետք է, խոսել ու խոսում է խոսքի ազատությունից, կարծիքի ազատ արտահայտման իրավունքից, ընդհանրապես մարդու իրավունքներից, երբ պետք չէ, «մոռանում է» նշված իրավունքների գոյությունը:

 

 

Սա այն Եվրոպան է, որը երբ իրեն պետք էր, այսպես կոչված, «աշխարհի ճարտարապետների» ցուցումն ուներ կամ Թուրքիայի հետ կապված քաղաքական շահեր, մարդու վերոնշյալ իրավունքները պատճառաբանելով, իր կառույցներից մեկի' Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջոցով խայտառակ վճիռ կայացրեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որից ելնելով, կարելի է հրապարակայնորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը և դրա համար քրեական պատասխանատվության չենթարկվել: Սակայն մյուս կողմից' իր այս մեկ կառույցի (ԵՀՄ) միջոցով, չնայած Իվետա Մուկուչյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու քայլի անմեղ լինելուն, իսկապես մարդու իրավունքներից բխելուն, հանդես է եկել հիշյալ դատապարտմամբ ու սպառնալիքով, իսկ Ռեֆերենտ խումբն էլ դեռ որոշել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել:

 

 

Կարծում են, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հասնում են այդ պատժամիջոցները, սակայն բոլորովին այլ առումով: Մասնավորապես նկատի ունեմ այն, որ «պատիվ» հասկացությունը մի կողմ թողած, մեր երգիչ-երգչուհիները, մեր պատվիրակներն արդեն երկրորդ տարին ուղարկվել են մասնակցելու մի մրցույթի, որը Կոնչիտային դարձրեց իր գրեթե կուռքը ու հատկապես դրանով վարկաբեկվեց մեծամասնությամբ իր նամուսը չկորցրած հայ հանրության, ինչպես նաև աշխարհի քրիստոնյա հանրության աչքում:

 


Ի դեպ, Հայաստանի' Եվրոպական հեռարձակողների միության անդամ լինելու և այդ մարմնի առաջադրած պահանջի պատճառով է, որ մեր պետությունը կամ մեր պետության համապատասխան կառույցը պատրաստվում է շուտով մեզ զրկել առանց համապատասխան սարքավորման հեռուստացույց դիտելու հնարավորությունից, բնավ հաշվի չառնելով, որ բազմահազար ընտանիքներ վճարունակ չեն ու չեն կարող գնել այդ սարքավորումները (դրանք սահմանափակ քանակով անվճար տրվում են միայն ծայրահեղ աղքատ ընտանիքներին): Բնականաբար, հարց է առաջանում'Հայաստանը կամ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ինչո՞ւ են դարձել Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Մեզ այդքան կարևոր այդ ի՞նչ է տալիս այդ անդամակցությունը, երբ հեռուստահաղորդումների պատկերման եղած որակն էլ մեր ժողովրդի մեծամասնությանը ձեռք է տալիս:

 

 

Կարծում եմ, ի պատասխան ԵՀՄ-ի և Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խմբի վերոնշյալ քայլերի, նրանց կողմից կիրառվող երկակի չափանիշների, Հայաստանը կամ նրա համապատասխան կառույցը, որպես բողոքի նշան, այսուհետ պետք է բոյկոտի ու հրաժարվի մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթներին, հրաժարվի նաև Եվրոպական հեռարձակողների միության անդամակցությունից: Դա թույլ կտա և՛ մեր պատիվը փրկել, և՛ այս սկանդալային քայլից սպասելի աղմուկով համաշխարհային հանրության ուշադրությունը փայլուն կերպով հրավիրել Արցախյան հիմնախնդրի վրա' ի նպաստ Արցախի և Հայաստանի Հանրապետության:

 

 

Այնուամենայնիվ, եթե վերոնշյալ առաջարկս չի ընդունվելու, առաջարկում եմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցների կիրառման դեպքում դատի տալ Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խմբին վերջինիս գտնվելու (պաշտոնական գրանցման) երկրում ' նրա կողմից «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի կանոնակարգի 1.2.2 կետի կիրառումը համարելով մարդու հիմնարար իրավունքների խախտում, պնդելով նաև, որ որևէ երկրի պետական դրոշ (անկախ այդ պետության միջազգայնորեն ճանաչված լինել-չլինելուց) քաղաքական ուղերձ պարունակող պաստառ չէ: Հասկանալի է, որ դատարանի բացասական վճռի պարագայում կարողանալու ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բա էլ ինչո՞ւ ենք անդամավճար տալիս և անդամակցում դրան:

 

 

Արթուր Հովհաննիսյան