ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 13-ին աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաեւ ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բար եփոխումների ծրագրի կարեւորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերն եւ այդ ուղղությամբ մշտական հետեւողականությունը:

 

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի' ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած շրջայցը այդ համատեքստում է: Այցի ընթացքում ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրատեսակների նմուշներին, դրանց պատրաստման, նորոգման ու արդիականացման աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:

 

 

Դիտարկելով ընթացող աշխատանքները եւ զինված ուժերի կարողությունների առավել բարձրացման համատեքստում կարեւորելով ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման գործընթացը՝ պաշտպանության նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: