Հունիսի 24-ին Հայաստան կատարվելիք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը լարվածություն կառաջացնի ու վատ կանդրադառնա Հռոմի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների վրա: Այս մասին գրել է բրիտանական The Daily Mail պարբերականը:

 

Հրապարակման մեջ հիշեցվում է, որ անցած տարի Հռոմի պապը հրապարակայնորեն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը:

 

«Իր եռօրյա այցի 2-րդ օրը պոնտիֆիկոսն այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը, անկասկած, կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև»,-գրում է պարբերականը' հիշեցնելով, որ անցած տարի Թուրքիան բողոքի նոտա էր հղել Վատիկանի դեսպանին' Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու համար:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ֆրանցիսկոս պապի այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան' «Հրաշափառի» արարողությունը:

 

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

 

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

 

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ: