Վիեննայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ ԵԱՀԿ) միջնորդությամբ և ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը պետք է ոչ միայն վերսկսեր բանակցային գործընթացը, այլ նաև որոշ փոփոխություններ մտցներ դրանում: Հանդիպման ընթացքում կողմերը պաշտոնապես հավաստիացրել են, որ իրենք պատրաստ են աշխատել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման վրա, ինչը, այս դեպքում, և ապրիլի սկզբին, այսպես կոչված, քառօրյա պատերազմից հետո առաջին և գլխավոր պայմանն է՝ որոշելու իրադարձությունների հետագա ընթացքը: Այս մասին REGNUM-ում գրում է Ստանիսլավ Տարասովը:

 

 

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին հանձնարարված է աշխատել այդ ուղղությամբ:

 

 

Սերժ Սարգսյանը Վիեննայում կայացած բանակցություններից հետո հույս հայտնեց, որ մոնիտորինգի մեխանիզմները ներդրվել են՝ նախքան նախագահների միջև անցկացվելիք նոր հանդիպումը, որը ծրագրված է հունիսին: Սա կարևոր նրբերանգ է, որը հաստատում է շփման գծում մոնիտորինգի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության իրողությունը:

 

 

 

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը Երևանում բանակցություններ է ունեցել Սարգսյանի հետ, նշեց, որ «Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և Մինսկի խմբի կողմից ձեռնարկված ջանքերը՝ ուղղված երկխոսության պահպանմանը, որպեսզի ապագայում խուսափեն նման միջադեպերից՝ նկատի ունենալով այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-1995 թթ.»: Իր հերթին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, կոչ է արել կողմերին ոչ միայն պահպանել հրադադարի ռեժիմը, այլև «կատարել գործող ԵԱՀԿ առաքելության ընդլայնման և ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմը վերջնականացնելու վերաբերյալ խոստումը»:

 

 

Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունները որպես «հաղթական պատերազմ» ներկայացնելով՝ Բաքուն ի վիճակի չէ փոխարկել այն քաղաքական-դիվանագիտական ձեռքբերման: Ավելին, նա արեց ամեն բան, որպեսզի համախմբի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք տեղի ունեցածի վերաբերյալ ունեն իրենց սեփական վարկածը, ինչը զրկում է Ադրբեջանին որևէ մանևրումի հնարավորությունից:

 

 

Բաքվում վախենում են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումից հետո միջազգային հանրության ակտիվությունը՝ կապված հակամարտության կարգավորման ուղիները փնտրելու հետ կընկնի: Ահա թե ինչու են միգամած դառնում հունիսի վերջին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարները: Այս առումով, որոշ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանը՝ հունիսի կեսերին «Ֆորմուլա 1»-ն ընդունելուց հետո, կրկին փորձելու է սրել իրավիճակը ղարաբաղյան ճակատում: