Հայաստանում իսկական էպոպայի վերածված նոր Ընտրական օրենսգրքի հարցը կարծես հետզհետե մոտենում է իր հանգուցալուծմանը. 102 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ՀՀ ԱԺ-ն 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ չնայած այն հանգամանքին, որ ընդամենը մի քանի օր առաջ հույս էլ չկար, որ այն երբևէ կարող է արժանանալ մեր երսեփոխանների հավանությանը: Ինչ խոսք՝ եթե լուրջ ընդունենք իշխանությունների կողմից հնչող հավաստիացումներն ու երդումները, թե նոր ԸՕ-ն բոլորովին նոր էջ է բացելու Հայաստանում ընտրական գործընթացների պատմության մեջ, պետք է այս իրադարձությունը ողջունելի համարենք ու ուտոպիստորեն հույս հայտնենք, որ առաջիկա ընտրությունները Հայստանում անցնելու են այնպիսի բարձ մակարդակով, որ անգամ Շվեյցարիայի ու Լիխտենշտեյնի նախանձը կարող է շարժվել:
Բայց քանի որ վաղուց ենք համոզվել, որ անհիմն լավատեսությամբ տարվելը կարող է թանկ նստել բոլորիս վրա, ու մեր նվիրական երազանքները սին ու անհիմն դուրս գան, ուստի՝ կփորձենք սթափ մտքով հասկանալ, թե որոնք կարող են լինել այն իրական ձեռքբերումները, որ կարող է մեզ տալ սույն օրենսգիրքը: Միանգամից ասենք, որ որքան էլ թղթին գրվածը հնչեղ ու գեղեցիկ հնչի, առանձնակի հույսեր պետք չէ կապել դրա հետ, քանի որ եթե չլինի քաղաքական անհրաժեշտ կամք՝ երկրում ընտրական գործընթացներն արմատապես բարեփոխելու, դրանց միանգամայն նոր որակ հաղորդելու, ոչ մի քվեարկության էլեկտրոնային համակարգ, ոչ մի մատնահետք ու առաջադեմ տեխնոլոգիաներ չեն կարող որևիցե նշանակություն ունենալ, ու ընտրակեղծարարը էլի շարունակելու է իր կեղծիքներն ու ընտրակաշառքի զանգվածային բաժանումը: Իսկ այն, որ նման վտանգ կա, կարծում ենք՝ աներկբա է. մեր երկիրը ներկայումս այնպիսի մի աշխարհաքաղաքական կառույցի մաս է կազմում, ուր ընտրական գործընթացները, մեղմ ասած, կրում են ձևական բնույթ, որի փայլուն ապացույցներից մեկը Տաջիկստանի վերջին ընտրություններն էին. պարզվում է՝ վարչապետ Աբրահամյանի որոշմամբ մայիսի 19-21-ը Տաջիկստան էին գործուղվել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի քանի աշխատակիցներ՝ այդ երկրում դիտորդական առաքելության նպատակով: Տեղեկացնենք, որ միջինասիական այս հանրապետությունում այդ օրերին անց էին կացվում սահմանադրական ընտրություններ, որոնց վերաբերյալ միջազգային հանրության գնահատականները բավական կոշտ էին. նոր սահմանադրությամբ գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի ընտրվելու ժամկետներն այլևս չեն սահմանափակվելու ու նա փաստացի դառնալու է այդ երկրի միակ, բացարձակ ու ցմահ միապետը:
Թե հատկապես որն էր այս սուղ օրերին պետական բյուջեի հաշվին Տաջիկստան դիտորդական բավական մեծ պատվիրակություն ուղարկելու բուն իմաստը, իհարկե, այդպես էլ մնում է անհասկանալի, բայց որ այս ժեստը կարող է բավական խոսուն ու սիմվոլիկ լինել, համաձայնե՛ք, ամենևին էլ չի կարելի բացառել: Ասում են՝ ամեն բան համեմատության մեջ պետք է դիտարկել: Հիմա եթե համեմատվելու լինենք տաջիկների հետ, միգուցե հույսի նշույլ կարողանանք, այնուամենայնիվ, նշմարել ու ինքնաներշնչվել, թե քաղաքակրթվում ենք, բայց այդ դեպքում էլ հարց կառաջանա՝ մի՞թե մեր չափանիշները միջինասիական են, մի՞թե մեր իդեալների հայրենիքը կարող է Միջին Արևելքը լինել… Չնայած ինչո՞ւ ոչ, մի՞թե նույն միավորի առանձին մասնիկները չենք մենք…
Դավիթ Բաբանով