Հետաքրքիր բաներ են պարզվում Հայաստանում, օրինակ, այն, որ Սիսիանում գտնվող Որոտան համայնքի բնակիչները նախընտրել են իրենց համայնքի ղեկավար ընտրել հանցագործության համար դատված անձին, որը հետագայում, արդեն հիշյալ պաշտոնում մեկ այլ հանցանք կատարելու համար է մեղադրվել, հիմա էլ ամբաստանվում է: Իսկ եթե խոսենք ըստ էության, ապա առնվազն խիստ կասկածելի է, որ որոտանցիներն իրենց համայնքի ղեկավար իսկապես ընտրել են նախկինում դատված Սերյոժա Ամիրխանյանին, և, բնականաբար, հարց է առաջանում' ինչպե՞ս է նա ընտրվել…

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սերյոժա Ամիրխանյանը հանդիսանալով Որոտան համայնքի ղեկավար, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողում կատարել է ցանք: Դրանից հետո Ս. Ամիրխանյանը, ըստ մեղադրական եզրակացության, նշված վարելահողի վարձակալության տրամադրման մրցույթի անցկացման պահանջի խախտմամբ հաղթող ճանաչված նույն մրցույթային հանձնաժողովի անդամ որդու' Վոլոդյա Ամիրխանյանի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր:

 

 

Վերը նշված արարքի համար Սերյոժա Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշով: