ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ին ուշ երեկոյան երկու հայկական հանրապետությունների միջև գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ Սեյրան Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել է առաջնագծի հյուսիս-արևելյան ուղղություն: Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը այցելել են առաջնագծի տարբեր դիրքեր, զորքերի հետ տեղում հետևել մարտական ծառայության իրականացմանը, քննարկել զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, հետևել կատարվող ինժեներական աշխատանքներին, զորքերի կենցաղային պայմաններին և սննդին: Նույն օրը նախարար Օհանյանը գիշերն անցկացրել է զորքերի հետ նշված հատվածում:


Հունիսի 5-ին նախարար Սեյրան Օհանյանը շարունակել է իր աշխատանքային այցը և ԼՂՀ սահմանագծի տարբեր հատվածներում ՊԲ հրամանատարության հետ եղել է տարբեր դիրքերում, լսել հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման և համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Այցի շրջանակում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ: