Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը։ Նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղը՝ բանակցային գործընթացում անհապաղ ներգրավվելու հարցը։

 

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն բավականաչափ ջանք չի գործադրում, որպեսզի Արցախի Հանրապետությանը ներգրավի բանակցային գործընթացում։ «Միջազգային դիվանագիտական ներկայացուցիչների կողմից էլ հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք վկայում են այդ մասին։ Նախորդ շաբաթ մենք այս թեմայով քննարկում ունեցանք արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ առաջիկայում հանձնաժողովը փակ ֆորմատով քննարկում է ունենալու ՀՀ արտգործնախարարի հետ»,- ասաց Փաշինյանը։

 

Նա արտգործնախարարությունից պահանջեց ներկայացնել ապացույցներ, ըստ որոնց, կատարվում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետությանը ներգրավվելու համար։ «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես արտգործնախարարությունը ներկայացնի ապացույցներ, որ ՀՀ-ն բավարար ջանքեր է գսրծադրում բանակցային գործընթացում Ղարաբաղին ներգրավելու համար: Հանձնաժողովում այս հարցը, իհարկե, կքննարկվի, բայց ես այս հայտարարությունն անում եմ հանրության և Ազգային ժողովի ուշադրությունը կենտրոնացնելու այդ խնդրի վրա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը օր առաջ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում»,- հայտարարեց Փաշինյանը: