Սերժ Սարգսյանն է ավելի համեստ, թե հնարավորություններն էին բավական սուղ, որ 68-ի փոխարեն նա որոշեց ընդամենը 58 «խփել»: Դժվար է ասել: Այդ առումով հետաքրքիր է, որ դեռեւս փետրվարի 9-ին հրապարակվեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության իրականացրած սոցհարցման տվյալը, որն արձանագրել էր հունվարի համեմատ Սերժ Սարգսյանի վարկանիշի անկում՝ 68 տոկոսից մինչեւ 58 տոկոս:
Այսինքն, եթե մինչ այդ Սերժ Սարգսյանին տարբեր սոցիոլոգիական հարցումներ վերագրում էին 68 եւ ավելի տոկոսներ, փետրվարի 9-ին շրջանառության մեջ դրվեց 58 տոկոսի տարբերակը, որից հետո կարծես թե այլ թվեր չեն «ներքաշվել» ընտրական գործընթաց:
Բայց, նախագահի ընտրության գործընթացում երեւի թե ամենահետաքրքիր թիվը ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանինը: Ընդամենը 7 ամիս առաջ խորհրդարանի ընտրությանը հազիվ 5 տոկոս ձայն հավաքած կուսակցության առաջնորդը 7 ամիսների ընթացքում 7 անգամ գերազանցում է խորհրդարանի ընտրության արդյունքը:
Հետաքրքիր պրոգրեսիա է: Առավել հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի գերազանցում է մեկ այլ նիշ՝ կես միլիոնը: Այդ նիշը Հայաստանի քաղաքական դաշտում «խորհրդանշական» է այն իմաստով, որ դրան մինչ այդ ձգում էր միայն Գագիկ Ծառուկյանը, որի կուսակցական ենթակաները բավական հաճախ էին հիշեցնում, որ իրենց թեկնածուն կես միլիոն քվե ունեցող թեկնածու է:
Հիմա, փաստորեն, կա կես միլիոնից ավելի քվե ունեցող մեկ այլ թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, ով հավաքել է ավելի քան 539 հազար ձայն: Այսինքն, Գագիկ Ծառուկյանն արդեն միակը չէ, որ ունի «կես միլիոն» քվե: Կես միլիոն ընտրողների անունից այժմ կարող է խոսել արդեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը նույն բանը խոսեն, ապա դա իհարկե կարող է շատ լուրջ խնդիր լինել Սերժ Սարգսյանի համար: Բայց, Գագիկ Ծառուկյանն անգամ քվեարկության չգնաց, պատճառաբանելով հանրապետությունից դուրս գտնվելը: Ավելին, խորհրդարանի ընտրության քվեարկության ժամերին բարձրաստիճան ՀՀԿ-ականները չէին զլանում չբացառել ԲՀԿ-ի հետ հնարավոր նոր կոալիցիան: Համենայն դեպս, թե ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էին, թե ոչինչ բացառել պետք չէ, եւ ուղղակի պետք է սպասել ընտրության ավարտին:
Ընտրությունն ավարտվեց Գագիկ Ծառուկյանի եւ նրա շուրջ կոնսոլիդացված «ընդդիմադիր գծի», այսինքն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտությամբ, ում 2008 թվականի «աստեղային» ցուցանիշը եւս, ի դեպ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանն էլ միասին, «զգետնեց» Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը անցավ կես միլիոն քվեի շեմը, փաստացի կանգնելով ընդդիմություն առաջնորդելու շեմին:
Ծառուկյանին այժմ մնում է քաղաքական հրատապությունը պահպանելու համար կամ միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ Սերժ Սարգսյանին: Կա իհարկե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միությունը շարունակելու կամ վերսկսելու տարբերակը, բայց դա արդեն կախված է Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումներից:
Իսկ թե ինչից են կախված Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումները, առայժմ պարզ չէ, առավել եւս, որ նա վերջին տարիների իր քաղաքական գործունեության ընթացքում ցուցաբերել է անկանխատեսելիության մի շարք օրինակներ: