Օրերս լրատվական կայքերից մեկում հրապարակված «Գագիկ Ծառուկյանն ու նրա երկու խնամիները» հոդվածի առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Հայաստանյան լրատվական իրականության մեջ, անկախություն ձեռք բերելուց ի վեր, կա մի ավանդույթ' որևէ պատվերի դեպքում (ունենա այն քաղաքական, կոմերցիոն, մասնավոր թե այլ մոտիվացիա), երբեք չանդրադառնալ ընտանիքներին և ներընտանեկան հարաբերություններին: Պարկեշտությունից դուրս է համարվել' ընտանիքներին ներքաշել տարբեր խարդավանքների մեջ: Նույնիսկ կոշտ պատվերի դեպքում սովորաբար կեղծիք, սուտ և էժան բամբասանք չեն տպագրել այս կամ այն գործչի, անհատի ընտանիքի մասին: Այս ավանդույթի խախտումը նույնիսկ համատարած բարոյալքման պայմաններում պետք է որ անթույլատրելի լիներ, և դրանց հեղինակները պետք է չզարմանան կոշտ արձագանքից:
Եվ ընդհանրապես, անանուն հոդվածագիրներին, անանուն խմբագիրներին և նրանց անանուն կուրատորներին խորհուրդ կտանք կենտրոնանալ սեփական ընտանիքների ու ազգականների' հայտնի ու անհայտ խնդիրների վրա, փորձել դրանք կարգավորել կամ գոնե մեղմել' մինչև դրանց հրապարակայնացումը»,- նշել է Իվետա Տոնոյանը: