Այսօր Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հրապարակային մամուլի ասուլիսի ժամանակ նույն հրապարակում ներկա է գտնվել նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հայտնում է 168.am-ը։
Կայքը հաղորդում է, որ նրա շուրջ հավաքվել են մի խումբ մարդիկ, ովքեր բողոքում էին ընտրությունների արդյունքներից։ Ի պատասխան հավաքվածների հարցերի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ մեկը մեր հայրենիքը սկուտեղի մեջ դրած մեզ չի մատուցելու։ Այստեղի մարդիկ նվիրված են իրենց նպատակին։ Ո՞վ չէր ուզի՝ երկու ժամ Ազատության հրապարակում կանգնեինք, դուրս գայինք և տեսնեինք՝ Թումանյան փողոցը դարձել է Պրոսպեկտ… Լավ չենք կանգնել, ճիշտ չենք կանգնել, մեր սխալներից դասեր չենք քաղել»։
168.am-ը հետաքրքրվել է նաև Նիկոլ Փաշինյանից, թե ինչո՞վ է պայմանավորված վերջինիս' Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսին ներկա գտնվելը. «Իսկ ե՞րբ ես այստեղ չեմ եղել։ Քանի դեռ ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը հաստատված չէ, Ազատության հրապարակում իմ գտնվելը որևէ մեկնաբանություն չունի»։
Այն հարցին, թե այս ասուլիսն ու վաղվա հանրահավաքն ի՞նչ հետևանքներ և ազդեցություն կարող են ունենալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իմ և այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորն այն է, որ ինքն այստեղ է, և դրանով շատ բան ասված է։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին քանի գալիս է Ազատության հրապարակ, ուրեմն ինքը հաղթելու է, դա՝ միանշանակ։ Օրը, ժամը, տեղը, պայմանները՝ ուրիշ հարցեր են։ Հաղթանակի կամքը մեզ մոտ կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի դարձել ազատ և երջանիկ Հայաստան։ Հաղթանակի կամքը դրանից հետո էլ է նաև կենդանի լինելու' եղածը պահպանելու և զարգացնելու համար»։
«Իմ և այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորն այն է, որ ինքն այստեղ է, և դրանով շատ բան ասված է։ ՀՀ քաղաքացին քանի գալիս է Ազատության հրապարակ, ուրեմն ինքը հաղթելու է»,- ասել է նա։