ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հունիսի 16-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում անցկացվել է կլոր-սեղան քննարկում' ՌԴ բուհերի հայազգի ուսանողների և Ռուսաստանի տարածաշրջանների հայկական երիտասարդական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Վարդան Հակոբյանը, ով ընթերցել է մասնակիցներին ուղղված ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի ուղերձը, որում դեսպանն, անդրադառնալով հայոց անկախ պետականության վերածննդին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության շուրջ աշխարհասփյուռ հայության միավորման և պետության զարգացման գործում երիտասարդության մասնակցության կարևորությունը:
Կլոր-սեղանին զեկույցներով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներ Մարիա Բաբայանը, Բաբկեն Բադալյանը, Դավիթ Ասոյանը, ինչպես նաև «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանն ու Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը:
Դեսպանության դիվանագետներն իրենց խոսքում կարևորել են Ռուսաստանի հայկական երիտասարդական կառույցների և դեսպանության միջև հետագա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զեկույցներով հանդես են եկել նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանի, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի, Ռուսասատնի ժողովուրդների բարեկամության համալսարանի հայազգի ուսանողները: Ելույթներից հետո դեսպանության դիվանագետները պատասխանել են նաև ներկաների հարցերին:
Դեսպանությունում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել է Մոսկվայից, Տվերից, Վլադիմիրից, Սմոլենսկից, Պոդոլսկից, Նովոսիբիրսկից, Աստրախանից և ՌԴ այլ քաղաքներից շուրջ 60 երիտասարդ: