Facebook-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ուղղած բաց նամակը մեծ հուզումներ ու բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Սփյուռքում:

 

Ինչպես արդեն հայտնի է, այդ խայտառակ նամակում Արամ Աթեշյանը դիմելով Էրդողանին, գրել է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։ Այս կապակցությամբ է Լուրեր.com-ի հարցազրույցը հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ, որը մինչ բուն խնդրին անդրադառնալը մի շարք սկանդալային բացահայտումներ կատարեց Արամ Աթեշյանի վերաբերյալ:

 

- Դուք Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանին ճանաչում եք բավական վաղուցվանից, ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել, իրականում ո՞վ է այդ մարդը, ի՞նչ եք հիշում նրա մասին և ինչ կարող եք պատմել:

 

- Ճանաչում եմ դեռ 1967 թվականից: Արամ Աթեշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սիլվան (հայոց արքա Մեծն Տիգրանի կառուցած Տիգրանակերտը) քաղաքում, 1915 թվականին բռնի իսլամացած հայերի զավակ է: 1950-ականների սկզբներին բավականին ընտանիքներ, որ բռնի իսլամացված էին, կրկին իրենց հայությանը վերադարձան: Նա իր հայությանը վերադարձածներից մեկի զավակն է, հոր անունն Ազիզ է, մոր անունը' Վերգին: Անձնագրային կամ ավազանի անունն Արթին է, Արամը նրա հոգևոր անունն է, իսկ ազգանունը' Աթեշ է: Ազգանվան վերջում յան ավելացնելով, ազգանունը հայացնելով, ասում է Աթեշյան, բայց փաստաթղթերում Աթեշյան չէ:

 

Երբ որ նախակրթարանի ուսումն ստացած, 12 տարեկանում եկավ Ստամբուլում գտնվող Սուրբ Խաչ Դպրեվանք' այն նույն դպրոց, որը նաև իմ դպրոցն է, տիրապետելով միմիայն քրդերենին և մի քիչ էլ թուրքերենին, հայերեն գեթ մի բառ չի իմացել: Դպրոցում աշակերտի նրա համարը 416-ն էր: Առաջին ուսումնական տարվա ընթացքում չկարողացավ թե հայերեն, թե ուրիշ որևէ առարկա սովորել, բայց հայերենը չսովորած լինելով հանդերձ, նրան ուղարկեցին Երուսաղեմ: Երուսաղեմում մենք ունենք Սուրբ Հակոբ ժառանգավորաց վանք, որտեղ հոգևորականներ են պատրաստվում, ճեմարան է: Ինքը գնաց այնտեղ իրեն հասակակից (1954 թ. ծնված) Մանուել Երկաթյան անունով դասընկերոջ հետ: Երուսաղեմում այդ ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում' 1968-1976 թվակականներ, Արամ Աթեշն անցկացրել է մանր-մունր գողություններ անելով: Հենց այդ ժամանակահատվածում է, որ մեր եկեղեցուց ահագին իրեր են կորել' պատմական արժեք ներկայացնող գրքեր, սկիհներ, բուրվառներ և այլն, այն ժամանակ Երուսաղեմի Հայոց պատրիարքն էր Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանը, իսկ Սուրբ Հակոբ ժառանգավորաց վանքում ղեկավարում էր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, նրանց ժամանակ է եղել այդ ամբողջը, որոնց մասին ինձ իր կենդանության օրոք անձամբ և մանրամասնորեն պատմել է երջանկահիշատակ հայր Մանուել Երկաթյանը: Նրան սերնդակից մեր հոգևոր դասը գիտի այդ պատմությունները: Թեև ինքը նման վարք էր դրսևորել, 1973թ. ձեռնադրվեց սարգավագ, երբ իր դասընկերը՝ Մանուել Երկաթյանը' իբրև իսկական հայ հոգևորականին վայել դաստիարակված երեխա, Երուսաղեմում վարդապետ էր օծվել:

 

1976 թվականին իր վարքագծի խնդրահարույց լինելու պատճառով վտարվելով Երուսաղեմից, Արամ Աթեշն եկավ Ստամբուլ: Այդ ժամանակ Պոլսի մեր պատրիարքը Շնորհք պատրիարք Գալուստյանն էր' ազնվագույն հայորդի, մեծագույն հոգևորական, կարգին մարդ: Շնորհք պատրիարք Գալուստյանն Արամի'Երուսաղեմից վտարված լինելու հանգամանքը թաքցրեց հասարակությունից, որպեսզի հոգևորականին ոչ վայել կեցվածք դրսևորած անձի մասին տեղեկություններով չխայտառակվի հայոց եկեղեցին, նման կերպ վարվելով ինքն ավելի շատ փորձել էր խնայել մեր եկեղեցին: Գտնում էր, որ ավելի լավ է իր ձեռքի տակ լինի այդ «անպիտան չարաճճին», քան թե այլ տեղեր գնա և, ինչպես Հայաստանում են ասում, «խայտառակի ռեսպուբլիկան», այսինքն' տվյալ դեպքում' մեր Պոլսի պատրիարքարանի անունը:

 

- Ի՞նչ է հայտնի Արամ Աթեշի մասին' Պոլսո պատրիարքարանում նրա գործունեության շրջանից:

 

- 1976 թվականից մինչև այսօր Արամ Աթեշն աշխատել է Պոլսո պատրիարքարանում երեք պատրիարքների օրոք' Շնորհք պատրիարքի, Գարեգին պատրիարք Գազանճյանի և Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի: Այս ամբողջ ընթացքում Արամ Աթեշը միայն մի բանի է հասել' գույք է ձեռք բերել, մի հոգևորականի համար ահռելի, շշմելու նյութական ունեցվածք, և Թուրքիայի իշխանությունների հետ' արտակարգ սիլիբիլի: Էրդողանը հայերից ոչ մի մարդու թիկունք չի կանգնել այնպես, ինչպես այս հոգևորականին: Դա շատ զարմանալի է և մտածելու տեղ է տալիս:

Եթե հիշում եք, մեր Ախթամար եկեղեցու կալվածքը ձեռք բերելուց հետո, այնտեղ առանց զանգակատան, առանց զանգերի ղողանջի, պատարագ մատուցելու նրա կեցվածքը դատապարտելի էր եղել հայկական համայնքի կողմից: Գրեթե ամեն մեկը հարցնում էր' չենք հասկանում' նա հա՞յ է, թե թուրք, այս ի՞նչ կեցվածք է, ինչպե՞ս կարող է հայ հոգևորականին անվայել նման կեցվածք դրսևորել: Արդեն երկար ժամանակ, հատկապես էրդողանյան ժամանակահատվածում Թուրքիայի Հանրապետություն կոչված վարչական տարածքում հայապատկան, եկեղեցապատկան կալվածքները ետ բերելու գործընթաց է սկսվել: Պատրիարքարանն ուներ մի հանձնաժողով, որը զբաղվում էր հայապատկան կալվածքներով' նրանք էին ուսումնասիրում ու ցուցակագրում, թե որտե՞ղ են գտնվում այդ կալվածքները, ի՞նչ կարգավիճակում են, ու՞մ, ինչպե՞ս դատի տալ, փաստաբան վարձել, հայությանը վերադարձնել այն, ինչ մեզանից բռնի խլել են: Արամ Աթեշն անցած տարի նշածս հանձնաժողովը միանձնյա փակեց, որովհետև իրեն Անկարայից հրահանգված էր վերջ տալ այդ հանձնաժողովին, քանի որ այդ ամբողջ գույքը սկսել էինք ետ վերցնել թուրքերից: Այսինքն' Թուրքիայի իշխանության հրահանգը կատարեց, բայց հանձնաժողովի անդամները, ի պատիվ իրենց, կարգին մարդիկ են, իսկական հայ, իր նման վախկոտ չեն և ընդվզեցին այդ որոշման դեմ, ասացին' մենք երբեք թույլ չեն տալու, որ թուրքերն այդ խլված կալվածքների, գույքի վրա մնան, այդ ամբողջը մեզ է պատկանում' հայությանը, և պետք է դրանք ետ ստանանք: Հայտարարություն արեցին այս մասին, և թուրքական մամուլը ողողված էր այս մասին բազմաթիվ ու բազմապիսի նյութերով:

 

- Իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող այն տեղեկությունները, թե նա հսկայական արժեք ունեցող գույքի է տիրապետում, կասկածելի ճանապարհով ձեռք բերած մեծ հարստության:
- Անցյալ շաբաթ մամուլի ասուլիսի ընթացքում մի լուսանկար եմ ցույց տվել. Ստամբուլի անատոլիական հատվածում կա Բեյկոզ անվամբ մի թաղամաս, որն ամենաթանկանոց թաղամասներից է ամբողջ Ստամբուլի: Այնտեղ մենք ունենք հայապատկան պատրիարքարանին պատկանող 45 000 քառակուսի մետր կալվածք, որից մի հսկայական հատված Արամ Աթեշը, երբ, ինչպես ոչ ոք չգիտի վաճառել է թուրքերին: Շշմելու բան է: Այս առթիվ քիչ առաջ մատնանշածս հանձնաժողովը դատական գործընթաց է սկսել, պարզելու համար թե ինչպե՞ս, այս ինչպե՞ս մեզ պատկանող բանը կորավ–գնաց այսպես… Եվ Արամ Աթեշը, որը միանձնյա է արել այդ բանը, ոչ մի արդարացում չունի իր այդ արարքի, որևէ մեկին չի պատասխանում: Ինքը Ստամբուլում բնակարաններ ունի, բնակարանների արժեքը հավանաբար 1 միլիոն ամերիկյան դոլարից ավելի է: Ինչպե՞ս հայ հոգևորականը, որի գրպանում 100 դրամ չպետք է լինի, ինչպես ասում են, գրպանը պետք է ծակ լինի, նման հսկայական արժեքով անշարժ գույք է ձեռք բերել, ո՞ւմ հաշվին, ինչպե՞ս' հայտնի չէ: Ինքն անամոթ կեցվածք դրսևորելով, այս ամենի կապակցությամբ երբևէ չի կարողանում նորմալ պատասխաններ տալ:


Տեսեք' մենք արտասահմանում ապրող հայություն ունենք, դատի են տալիս Թուրքիայի Հանրապետությանը, իրենց պապի, տատի ունեցվածքը ետ բերելու համար, ինքը նման գործընթաց սկսողներին ասում է' ես քեզ աջակցեմ, փաստաբան ճարեմ, ամեն ինչով զբաղվեմ, իբրև պատրիարքարանի աշխատող, նեցուկ կանգնեմ, նպաստեմ, բայց ստանալու դեպքում ստացածիդ այսքան տոկոսն ինձ ես տալու: Այսպես տոկոսով գործ է կպցրել, գործ է անում: Սփյուռքի հայերը սրա համար իրեն պախարակել են, իրեն խայտառակ են արել, բայց ինքը հանդես գալով թուրքական մամուլով, առանց ամաչելու, լրագրողներին ասել է' լավ եմ անում, բա ես ինչպե՞ս պետք է ապրեմ, հոգևորականն ինչպե՞ս պետք է ապրի, լավ եմ անում, օրինակ եթե նշյալ գույքը 3 միլիոն դոլար է, այդ 3 միլիոն դոլարի 30 տոկոսն ինձ է հասնում, ես այդ փողը պետք է վերցնեմ: Այսքան բան, առանց ամաչելու… Թուրքերը նույնիսկ ձեռ են առնում, ծաղրում են, թուրքական մամուլում նրա առնչությամբ գրեթե ամեն օր մի բան են գրում, ասում են' այս ի՞նչ հայ հոգևորական է, ինչպե՞ս չի հարգում այդ զոհված մարդկանց հիշատակը, ինչպե՞ս կարող է նման վարք դրսևորել: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Արամ Առաջին կաթողիկոսը, որը Թուրքիայի Հանրապետությանը դատի է տվել, ասի' եթե Կիլիկիո կաթողիկոսության Սիսի նստավայրը և այնտեղի իր ամբողջ կալվածքները հետ ստանամ, այսքան տոկոսն իմն է: Ի՞նչ կլինի, խայտառակ կլինի, չէ՞… Է, ահա, խնդրեմ' Արամ Աթեշ, առանց ամաչելու խայտառակվում ու խայտառակում է մեզ: Մամուլում կարող եք հանդիպել այն ընտանիքների անունները, որոնք իրենց ընտանիքներին պատկանող գույքը ետ ստանալու նպատակով Թուրքիայում դատական գործընթացներ են սկսել, և Արամ Աթեշը տոկոսներ է ուզել նրանցից: Անգլիայում բնակվող պատկառելի տարիքի մի կին, Կանադայում, Ամերիկայում բնակվող հայ մարդիկ ասում են' մենք զարմացած ենք, որ հայ հոգևորականը կրնա այսպիսին ըլլալ:

 

- Իսկ ի՞նչ գիտեք Թուրքիայից դուրս, արտերկրում ունեցած նրա անշարժ գույքի վերաբերյալ:

- Արամ Աթեշն արտերկրում ևս բավական կալվածքներ, գույք ունի: Բոլորն ասում են, որ Անթալիայի մոտ, Էգեյան ծովի և Միջերկրականի հատման կետում գտնվող, հանգստավայր հանդիսացող գեղատեսիլ Բոդրումում, որը Թուրքիայի ամենասիրուն քաղաքն է, մի մեծ ապարանք է ձեռք բերել, որը թե քանի միլիոն արժի, չգիտեմ: Նման բան Թուրքիայում ունեն միայն շատ մեծահարուստները, որոնք միլիարդատեր են, որտեղի՞ց հայ հոգևորականին այդպիսի միջոցներ… Անընդհատ ասվում է, որ թե Միացյալ Նահանգներում կալվածք ունի, թե Մոսկվայում անտիկվար խանութներ է աշխատացնում: Զարմանալի երևույթ է: Էջմիածնում Անդրանիկ անունը կրող թաղամասում ևս' 2-3 հարկանի մի մեծ ապարանք ունի, մի հատ էլ տուն' Աբովյան քաղաքում: Գուցե ուրիշ տեղեր էլ անշարժ գույք ունի, չգիտեմ:

 

Հայ հոգևորականներին ամենից լավ ճանաչողներից մեկն եմ, որովհետև մանկուց ճեմարանային կյանքով ապրած անձնավորություն եմ, գիտեմ հայ բարձրաստիճան գրեթե բոլոր հոգևորականներին, թեմերի առաջնորդներին, նաև, այսպես ասած, շարքային ծառայող հատվածին: Նրանց շրջանում նման կենսագրություն, վարք ունեցող մեկը չկա:

 

Ճիշտ է, կան հոգևորականներ, որոնք իրոք հանցավոր են այս կամ այն առումով, կամ այս կամ այն առումով թերություններ ունեն, բայց որ մարդ 2015 թվականի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայոց եկեղեցիների' Կիլիկիայի կաթողիկոսության և Էջմիածնի կաթողիկոսության կողմից համատեղ ընդունված մեկուկես միլիոն անմեղ զոհերի սրբադասման որոշումից հետո հանդգնի պղծել նրանց հիշատակը, նսեմացնել, վիրավորել' նման բովանդակությամբ նամակ ուղղելով Ռեջեպ Թայիփ Էրդողան կոչվածին, սա աներևակայելի է: Եթե մեկն ինձ հարցներ, թե կենթադրե՞ս այսպիսի բան, ես կբացառեի, անհնար կհամարեի նույնիսկ այդքան լավ ճանաչելով Արամին: Բայց հիմա դա տեղի ունեցավ, փաստի առաջ եմ կանգնած, ուղնուծուծով վիրավորված եմ:

 

Այդ օրվանից Թուրքիայի տարբեր քաղաքներում ապրող ընկերներս ասում են' մենք ապշած ենք, ոչ ոք չի կիսում Էրդողանին ուղղված նամակում Արամ Աթեշի արտահայտած այդ կարծիքը, Թուրքիայի ամբողջ հայությունն ուրախացել է Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, նույնիսկ թուրքերից, քրդերից ոմանք գալիս, մեզ շնորհավորում են, որ այս հարցով արդարությունը Գերմանիայում վերջապես հաղթեց, բայց Արամ Աթեշն այդ ձեռքբերումն ինչ-որ չափով փչացրեց: Ասում են նաև, որ ինքը և, ընդհանրապես, որևէ մեկն իրավունք չունի համայնքի անունից նման հայտարարությամբ հանդես գալ:

 

- Կասկածներ կան, որ Պոլսի պատրիարքը' Մեսրոպ Մութաֆյանը, որն արդեն 8 տարի հիվանդ է մի հազվագյուտ և անբուժելի հիվանդությամբ' ճակատային հիշողության կորստով, և դատարանի կողմից մոտ կես տարի առաջ անգործունակ ճանաչվեց, այդ վիճակին է հասել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից թունավորվելու հետևանքով: Օրերս հայ բարձրաստիճան հոգևորականներից երկուսն այն կարծիքը հայտնեցին, թե Արամ Աթեշյանն Էրդողանին այդ նամակը գրել է հավանաբար ահաբեկված Թուրքիայի իշխանությունների կողմից, նրանց ճնշմամբ, պահանջով, վախենալով, որ հակառակ պարագայում իր հետ էլ կկատարվի նման մի բան, ինչ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի: Ի՞նչ կարծիքի եք այս կապակցությամբ:

 

- Ոչ, ես դա բացառում եմ:

 

- Ինչո՞ւ:

 

- Թուրքիայում իշխանությունների, այսպես ասած, հաճելի աջակցությունը վայելող հոգևորական է ինքը, Թուրքիան նրա հետ առանձնակի ջերմ հարաբերություններ ունի: Մեկը, որը Թուրքիայի իշխանությունների ճնշման տակ է գտնվում, նրանց պահանջով և իր կամքին դեմ գնալով, կարող է ստիպված լինել նույնիսկ այսպիսի ստորություն կատարել, այդ ամենը նկատի ունենալով, ավելի վաղ ու տարիներ շարունակ չէր օգտվի այդ նույն իշխանությունների բարեհաճությունից, նրանց հետ հոգեբանորեն սառը հարաբերությունների մեջ կգտնվեր, կլիներ հրամանն ընդամենը դժկամությամբ կատարող: Բունդեստագի բանաձի ընդունման առնչությամբ էլ Թուրքիայի իշխանությունների պահանջը կատարած կհամարեր գոնե պարզապես լռելով, նրանց կասեր' հրապարակայնորեն չեմ ողջունի այդ բանաձևը, կլռեմ, սա էլ համարեք ձեր պահանջի կատարումը, կներեք, ավելին չեմ կարող: Այդպիսի արձագանքի, վարմունքի համար նրան չէին սպանի: Երբ որ ասում են' շատ դժվար է Թուրքիայում հոգևորական լինել կամ հայ լինել, ես չեմ կիսում այդ կարծիքը: Ճիշտ է, հեշտ չէ, բայց այնպես էլ չէ, ինչպես ներկայացվում է: Ես այնտեղ ծնված, մեծացած մարդ եմ, ես այնտեղ եղբայր ունեմ, մայրս է այնտեղ, քույրս է այնտեղ, բա մերոնք հայ չե՞ն… Այդ ամբողջ մանկության ընկերներս, դպրոցական ընկերներս, որոնք Բունդեստագի բանաձևի ընդունման, ցեղասպանության ճանաչման, բարձրաձայնման կապակցությամբ Արամ Աթեշի կեցվածքի ուղիղ հակառակ կեցվածքն ունեն, հայ չե՞ն… Տեսաք' Կարո Փայլանն ինչ արեց, միլիոնավոր մարդկանց աչքի առաջ իրեն ինչպես դրսևորեց, նա հայ չէ՞… Այդ ինչպե՞ս է, որ նա չվախեցավ, իսկ այս մեկը վախեցավ: Չկա այդպիսի բան, Պոլսի մեր հոգևոր դասը նման դեպքերում գիտի լավագույն տարբերակը' լռելը, լռում են ու վերջ: Սակայն Արամ Աթեշը չի լռել, հանդես է եկել նման խայտառակ ու սրբապիղծ նամակով: Նույնիսկ Թուրքիայի իշխանություններն են զարմացած, որ նման քայլով է հանդես եկել, ոմանք ասում են, որ այս աստիճանի քծնող, ստորաքարշ արարքով արդեն հայության՝ մի ժողովրդի վարկը գցեց, որովհետև հայությունն արժանապատիվ կեցվածք դրսևորող համայնք ունի, այդ երկրի լիիրավ տերերն ենք մենք, ամենահին, բնիկ ժողովուրդն ենք այդ երկրի, մենք երբեք չենք ունեցել մարդ, որ նման նսեմ քայլի գնա:

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի