Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ազդեցություն թողնել ԵՄ-ի բյուջեի վրա, հետևաբար անհրաժեշտություն կա վերանայել Բրիտանիայի ու ԵՄ-ի հարաբերությունների մոդելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Լատվիայի ֆինանսների նախարար Դանա Ռեյզնիես-Օզոլան: Նա սպասվող փոփոխությունների համատեքստում առաջարկել է ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր մոդել:

 

«Կարծում եմ, որ կլինի ֆոնդերի վերաբաշխում: Կարող է լինել հետևյալ մոդելը, ինչպես, օրինակ, կիրառվում է Նորվեգիայի պարագայում, երբ ԵՄ շուկա մուտք ունենալու համար ներդնում է որոշակի գումար»,-ասել է Լատվիայի ֆինանսների նախարարը: Նախարարն ընդգծել է, թե ցանկալի կլինի, որ Եվրամիությունը ուղիներ չփնտրի Մեծ Բրիտանիային պատժելու համար, այլ փորձի պահել այդ երկիրը Եվրոպայի համար: Հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել Եվամիության պառակտմանը:

 

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում. Brexit-ի օգտին տրված ձայները գերազանցել են 16,7 միլիոնը: