«Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունն այս պահին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ դժգոհություն հայտնելով հակաօդային պաշտպանությունը ռուսական կողմին տալու վերաբերյալ։

 

Ըստ ԱԺ-ում եղած համաձայնագրի՝ ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից, խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Ռուսաստանն է կառավարելու Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությունը (Հայաստանի և Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ):

 

Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը՝ ակցիայի մասնակից Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՕՊ համաձայնագրի վավերացումով մեծ վտանգներ է սպառնում Հայաստանին ու Արցախին։

 

«Պատերազմական վիճակում Ռուսաստանի գերագույն հրամանատարը միանշանակ թույլ չի տա, որպեսզի ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը օգնություն ցուցաբերեն Արցախին»,- ասաց նա։ Իսկ ակցիայի մեկ այլ մասնակից Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, իսկ Հանրապետական խմբակցությունը՝ լուծարվի։ «Սա ազգային անվտանգության խնդիր է։ Մենք պետք է չհիասթափվենք, այսօր քիչ ենք, վաղը շատ կլինենք»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ քիչ ուշ։